վելոսիպեդը՝ «հեծանիվ», սամովարը՝ «ինքնաեռ», ուրեմն հայերեն չգիտե, հայերեն չի մտածում, պետք է հալածվի։
Հետևելով հայ մամուլի մեջ ստեպ֊ստեպ երևացող դատողություններին հայ լեզվի մասին և աքաղաղային լրջությամբ քարոզվող կանոններին, նոր հեղինակները պիտի սպանեն իրանց երևակայությունը, խեղդեն ստեղծագործական ձիրքը, խույս տան բոլոր նոր մտքերից ու գաղափարներից, որովհետև Ղազար Փարպեցին, Խորենացին կամ Ասողիկը չեն հնարել այդ նոր մտքերի ու գաղափարների արծարծելու ձևը։ Հայ լեզվի հնամաշ քերականական ձևերը պիտի կաշկանդեն հայ հեղինակների ուղեղները, չթույլ տան նրանց որևէ շեղում։ Նոր հեղինակները, ժամանակակից բարքերը նկարագրելիս, պիտի գործածեն նույն բառերը, նույն ձևերը, նույն դարձվածները, ինչ որ գործ են ածվել հազար չորս հարյուր տարի սրանից առաջ։ Նրանք իրավունք չունին լեզվի մեջ մի փոփոխություն մտցնելու, իրավունք չունին ինքնուրույն լինելու, իրանց սեփական ոճն ունենալու։ Նրանք պարտավոր են իրանց մեջ սպանել անհատական հոգին և հետևել քերականական մեռյալ կանոններին։
Ահա այս կամ գրեթե այս են պահանջում նոր գրողներից քարացած ուղեղների տեր ավանդապահները։ Եվ այս հիման վրա նրանց համար անհասկանալի է հայ հեղինակների ժամանակակից ոճը. նրանք չգիտեն՝ ինչ ասել է ինքնուրույնություն, մտքեր արտահայտելու նորագույն ձևեր և դարձվածներ։ Չգիտեն, որ մի լեզու այն ժամանակ միայն կարող է զարգանալ, ճկունանալ, հարստանալ, մաքրվել և գեղեցկանալ, երբ երևան են գալիս ինքնուրույն ոճով գրողներ, մարդիկ, որ սառած և քարացած հին քերականական կանոններին գերադասում են լեզվի կենդանությունը, ուժն ու գեղեցկությունը։
Ուշադրության արժանի է, որ այն. ինչ որ ներկայումս կատարվում է հայ լեզվի վերաբերմամբ, մի ժամանակ տեղի է ունեցել ռուսաց լեզվի վերաբերմամբ։ Պուշկինին և Լերմոնտովին դատապարտում էին, թե նրանք ռուսերեն չեն մտածում, այլ ֆրանսերեն և գրում են ոչ ռուսերեն, իսկ Գոգոլին, թե նա տգետ է ռուսաց լեզվի վերաբերմամբ, և դատապարտողոներն էին ավանդապահ քերականները ուսուցիչները։