Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամեն մի գռեհիկ դարձված միայն նրա համար, որ նա ընդունված է այս կամ այն ժողովրդի մեջ։ Այն գրողը, որ ժողովրդին ընդունում է ոճի գեղեցկության վերաբերմամբ ավտորիտետ, պարզ ապացուցանում է իր ճաշակի գռեհկությունը։ Գեղեցկի վերաբերմամբ անկիրթ ամբոխը երբեք չի կարող ավտորիտետ լինել։ Եթե մի արարատյան գյուղացի գործ է ածում մի որևէ կոպիտ դարձված, այդ չի նշանակում, թե նույն դարձվածը անմշակ պիտի մտնի գրվածի մեջ (ես խոսում եմ գեղեցիկ գրականության մասին)։

Ժողովրդական բարբառները պետք է լինեն մեզ համար լոկ հում նյութ, ուրիշ ոչինչ, երբ նրանցից կամենում ենք օգտվել գրականական բարբառը հարստացնելու համար։ Ես դեմ եմ այն բանաստեղծական գրվածներին, ուր ոչ միայն գործող անձինք, այլև հեղինակը խոսում է ամբոխի, իր տեղական ժողովրդի լեզվով։ Հեղինակը է եթե նա գեղեցիկ գրականության է ծառայում, պիտի գրի միմիայն գրականական բարբառով։ Նա կարող է իր հերոսներին խոսեցնել ժողովրդական բարբառով իրականությանը հավատարիմ լինելու համար։ Բայց այստեղ ևս նա պիտի ուշքի առջևն ունենա ընդհանուր մասշտաբը և կուրորեն չհետևի տեղական բարբառի բոլոր մանրամասն ձևերին։

Երևակայեցեք ձեզ մի վեպ կամ պոեմ, ուր բոլոր գործող անձինք խոսում են Ագուլիսի բարբառով։ Այդ խոսակցությունները կարող են լինել շատ բնորոշ, ճշգրիտ, բայց ոչ գեղարվեստական, քանի որ անհասկանալի են։

Ինձ կարող են մատնացույց անել մեր դրամատուրգ Սունդուկյանի պիեսները, որ գրված լինելով Թիֆլիսի բարբառով, սակայն գեղարվեստական են։ Այո, այդ ճիշտ է։ Բայց ինձ թվում է, որ մեր հարգելի դրամատուրգի երկերի գեղեցկությունը մեծ մասամբ արտաքին է, այսինքն՝ պարունակվում է նրանց բարբառի մեջ։ Թարգմանվելով օտար լեղվի։ Նրանք մեծ մասամբ զրկվում են իրանց հրապույրից։ Ով ռուսերեն կարդացել է «Պեպոն», նա կարող է զարմանալ որ այդ սքանչելի երկը որքան թուլացել է և կորցրել իր գեղեցկությունը, չնայելով, որ թարգմանությունը կատարված հմուտ ձեռքով։ Մի քանի տարի սրանից առաջ նույն «Պեպոն»