Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներկայացվեց Կ.Պոլսում պոլսականի փոխադրված։ Եվ մեր պոլսեցի հայրենակիցները չգտան նրա մեջ այն գեղարվեստը, որ մենք ենք տեսնում։

Այսպես է այն գրվածների վիճակը, որոնց հրապույրը ամփոփված է մեծ մասամբ տեղական բարբառի աահմտնափակ շրջանում։ Եթե պ. Սունդուկյանցը կարողանար, խույս տալով վիրականից, հետևել ընդհանուր ժողովրդականին, դրանով ոչ թե կզրկեր իր երկերը գեղարվեստական նրբությունից, այլև ավելի գեղարվեստական կդարձներ՝ ավելի ընդհանրացնելով երկերի հրապույրը:

Եվ նրանց ներքին գեղեցկության, տիպերի ճշտության հետ թարգմանության մեջ կպահվեր և արտաքին գեղեցկությունը։ Թարգմանեցեք Տուրգենևի վեպերը գեղեցիկ հայերենի, և նրանք կպահպանեն թարգմանության մեջ իրանց ամբողջ գեղեցկությունը, թարգմանեցեք, դիցուք, Ուսպենսկու Ժողովրդական բարբառով գրվածները, որքան հաջող ևս գիտեք թարգմանել, նրանք կկորցնեն իրանց գեղեցկության մի նշանավոր մասը:

Կամենում եմ ասել, որ գրողը շատ էլ չպիտի ոգևորվի Ժողովրդական բարբառով, մանավանդ հայ գրողը, որի առջև կան մեկի փոխարեն բազմաթիվ բարբառներ և որի գրվածը կարող է մի քաղաքում հասկացվել, մյուսում ոչ։ Նա միշտ պիտի իր աչքի առջև ունենա մի իդեալ։ Եվ այդ իդեալը պիտի լինի ոչ թե իր տեղի ժողովրդի կամ ազգի ճաշակը, այլ, եթե կարելի է այսպես ասել, հանրամարդկային ճաշակը։ Կարելի է մի հերոսի խոսեցնել ճիշտ ժողովրդական լեզվով, բայց տալ նրան այնպիսի մտքեր, որոնք չեն համապատասխանում հերոսի ոչ մտավոր աշխարհի մակերևույթին և ոչ նրա զգացումներին։ Այս դեպքում կառաջանա մի արտաքին խաբուսիկ գեղեցկություն, որ իսկույն կչքանա, եթե դեն ձգեք կեղևը, այսինքն՝ բարբառը, և վերցնեք էականը, այսինքն՝ հերոսի հոգին և միտքը։ Հայ գրականության մեջ շատ կան այս տեսակ գրվածներ։ Գրվածներ, ուր գռեհիկ հերոսները խոսում են իրանց բարբառով, բայց ուրիշի մտքերով, այսինքն՝ հեղինակի մտքերով։ Միամիտ ընթերցողներն այդպիսի գրվածները ռեալական են համարում։ Ես կարդացել եմ անգամ ժողովր