Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գական հեքիաթների մի ժողովածու, որի ռեալականությունը բացառապես իր բարբառի մեջ է կայանում։ Գործող անձինք խոսում են իրանց շրջանի լեզվով, արտահայտում հեղինակի մտքերը, կամքը և գաղափարները:

Այս տեսակ գրվածները կեղծ են, հակագեղարվեստական, նույնիսկ վնասակար, իսկ գրողները տգետ և անճաշակ։

Գրողը իրականությունը պիտի որոնի ոչ թե իր նկարագրած հերոսների, տիպերի, բնավորությունների և, վերջապես, շրջանի լեզվի մեջ, այլ հոգեկան աշխարհայեցողության և զգացումների մեջ։ Կարելի է գրվածի մեջ նույնիսկ ոչ մի խոսակցություն չմտցնել, այլ միայն պատմել և պատմել նույնիսկ ամենաբարձր գրականական բարբառով, բայց ավելի հավատարիմ մնալ իրականին, քան գործ ածելով բուն ժողովրդական լեզու։

Այսպես ուրեմն, ժողովրդական բարբառը պարտավորական չէ գրողի համար նույնիսկ ժողովրդի կյանքից վերցրած նյութերի մեջ։ Եվ ոչ միայն այս. պետք է հետզհետե լեզուն ազատել ժողովրդական բարբառների գռեհիկ ձևից, օր-օրի վրա դարձնել զուտ գրական, օգտվելով ժողովրդական բարբառներից՝ իբրև միմիայն հում նյութից։ Եվ այն գրողը, որ աչքի առջև չի ունենալ լեզվի մաքրության այս պահանջը, սիշտ կմնա գռեհիկ։


ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԸ


Դատարանը Զոլային դատապարտեց մի տարի բանտարկության և տուգանքի։ Սև ամբոխը հրճվում է ճշմարտության հերոսի պարտությունով։ Փողոցը ծափահարում է փարիսեցի դատավորներին, որոնք, հակառակ արդարադատության տարրական օրենքների, հակառակ նույնիսկ իրենց խղճի, դատապարտեցին մի մարդու, որի միակ ցանկությունն էր իր ազգի բարոյական վարկն ազատել համաշխարհային խայտառակությունից։

Ո՞վ է Զոլան։ Մի սոսկ անձնավորություն, հասարակ ծնողների մի զավակ, որ իր տաղանդի ուժով ստեղծել է իր