Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան տնից վռնդված, հետո նշանավոր արտիստուհի դարձած Մագդայի փոխարեն սկզբում մենք տեսանք մի քմահաճ և միամիտ աղջիկ, որ շարունակ ոտները հատակին էր զարկում, դեմքը ծռմռում և այս ու այն կողմ թռչկոտում։ Մագդան կենսասեր է, զվարթ, բայց նա ունի մի գաղտնի վիշտ, նա լուրջ է, մանավանդ լուրջ հայրենական համեստ հարկի տակ։ Սակայն տ. Սիրանուշը սխալ կատարեց միայն առաջին գործողությունը, հետո կարողացավ զգալ Մագդայի իսկական դրությունը և այլևս չմեղանչեց իրականության դեմ։ Բավական ազդու էր նրա խաղն այն տեսարանում, երբ Մագդան հանդիպում էր իր նախկին մոլորիչին՝ Ֆոն Կելլերին (Արաքսյան) և հանդիմանում նրան դառնացած. ռեալական էր և տեղ-տեղ մի քիչ գեղարվեստական այն տեսարանում, երբ Մագդան դիմադրում է հոր կամքին և հայտնում, թե միայն Կելլերը չի եղել նրա բարոյական անկման պատճառը, որպեսզի նրա հետ ամուսնանալով՝ մաքրի հոր պատիվը։ Այստեղ արդեն դերասանուհին ապացուցեց, որ եթե լուրջ մտածի իր խաղի մասին, եթե աշխատի թողնել մի քանի կեղծ ձևեր, կարող է բարձրանալ մինչև բուն գեղարվեստի պատվանդանը։ Ընդհանրապես, որքան նկատել ենք, վեցամյա անգործությունը հարգելի դերասանուհու վրա շատ էլ վատ չի ներգործել։ Միայն, նրա ձայնը չի հնչում առաջվա պես պայծառ, իսկ դիկցիան մի փոքր կորցրել է իր պարզությունը։ Այդ երեկո երբեմն նա այնքան ցածր էր խոսում, որ հանդիսականները գանգատվում էին, թե ոչինչ չեն հասկանում, նույնիսկ պարտերի առաջին կադրում ։

Բայց ներկայացման հերոսը Աբելյանն էր Շվարցեի դերում։ Ինքնասեր, պատվի խնդիրներում բծախնդիր, նախկին զինվորական և անդամալույծ հոր դերը նա հասկացել էր ճիշտ և ճիշտ էլ պատկերացրեց սկզբից մինչև վերջը։ Պ․ Աբելյանը վերջին ժամանակ նկատելի առաջադիմություն է արել։ Մի բան, որ անհերքելի է, դա արտիստի զգացմունքն է, տեմպերամենտը, նկատելի գեղարվեստական տակտը և մտածողությունը։ Նրա խաղը խելացի և ազդու է, մանավանդ տիպական ուժեղ և զգայուն անձանց դերերում։ Իսկ նրա գրիմը գովելի է միշտ. այստեղ արդեն նա մրցակից չունի հայ խմբի մեջ։