Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետաքրքրվողներին։ Դա այն է, որ մեր դերասանները և դերասանուհիները, շատ քիչ բացառությամբ, մտավորապես բավական անզարգացած են, հետևաբար, նրանց գեղարվեստական ճաշակը անտաշ է։ Զարմանալի է, որ այդ մարդիկ, մի առանձին համառությամբ, կարծում են, թե բեմի ծառայողը միայն բեմի վրա պիտի ընտելանա իր արհեստի նրբություններին։ Նրանք չեն կարդում կամ կարդում են շատ քիչ, չեն ուսումնասիրում կյանքը, չեն հետաքրքրվում գեղարվեստի ուրիշ ճյուղերով։ Մտեք նրանց շրջանը, փորձեցեք խոսակցել նրանց հետ, և քառորդ ժամում նրանց նյութը կսպառվի։ Նրանց բոլոր աշխարհայացքը գեղարվեստի մասին սահմանափակվում է բեմի արտաքին կյանքով։ Ինտրիգներ և անվերջ ինտրիգներ՝ ահա թե ինչով է զբաղված հայ դերասանի միտը։ Գուցե ինտրիգները անխուսափելի են, բայց զբաղվելով անգամ նրանցով, մեր դերասանները կարող են մի փոքր էլ իրանց մտավորով զբաղվել։ Նրանք պետք է մտածեն, որ եթե ուզում են դառնալ արվեստագետ և ոչ հասարակ արհեստավոր, նախ և առաջ պետք է դիմեն գրականության օգնության։ Առանց վերջինի' նրանք մի քայլ անգամ առաջադիմել չեն կարող։ Այնինչ ես գրազ կգամ, որ նրանցից շատ քչերն են կարդացել նույնիսկ Շեքսպիրին, էլ չենք խոսում առհասարակ ընդհանուր գեղարվեստական գրականության և քննադատության մասին։ Ահա թե ինչու շատերը այսօր, ձիրք ունենալով հանդերձ, հասարակ արհեստավորներ են, այն էլ անշնորհք արհեստավորներ։

Կրկնում ենք, մտավոր զարգացում, ընդհանուր գեղարվեստների մասին հասկացողություն՝ ահա ինչ է պակասում դերասաններին և ահա ինչն է նրանց դարձնում բեմի վրա կոպիտ, անտաշ, ինչպես կյանքում, հասարակ ընկերության մեջ, անհետաքրքրական։

Այս տեսակետից պ. Պետրոսյանը մեր այն հազվագյուտ դերասաններից է, որոնք համեմատաբար քիչ են արժանի հանդիմանության։ Նա, ըստ երևույթին, կարդում է և ուսումնասիրում, ուշադիր է օտար բեմերի առաջադիմության և բեմական գրականության։ Ահա ինչու նա կարողացել է իր՝ իսկապես ոչ փոքրիկ ձիրքը մշակել։ Նա այն դերասաններից է,