Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնց կոչում են վայելուչ (приличный): Նրան կարելի է տեսնել նույնիսկ խոշոր դերերում և, եթե չզգալ գեղարվեստական հաճույք, գոնե երրեք էլ չձանձրանալ։ Նա մի անհրաժեշտ ուժ է մեր բեմի համար, մի ուժ, որին փոխարինելը շատ հեշտ չէ, և չունենք փոխարինող։ Ունենալով զորեղ բեմական ձայն, նա կարողանում է խելացի կերպով էլ օգտվել նրանից, երբ դերը պահանջում է, ինչպես և օգտվեց Դբոլցևհոր դերում, մանավանդ այն տեղերում, ուր նա հարվածում էր ժամանակակից երիտասարդությանը։ Փույթ չէ, որ նրա ձևերը միատեսակ են, որ սիրում է տեղի-անտեղի ձեռները զարկել միմյանց, զարկել ծնկներին. փույթ չէ, որ նրա միմիկը հարուստ չէ, ինչպես Աբելյանինը, բայց հանդիսականի, այսպես ասած, տեսողությունը վիրավորող խիստ շարժումներ չունի։ Նա տիպեր չի ստեղծում Աբելյանի պես, բայց և չի էւ փչացնում, եթե նույնիսկ իր դերում չէ։ Նրա բեմ ական ձիրքն առհասարակ զուրկ է ստեղծագործող ուժից, բայց չէ՞ որ ստեղծագործող դերասանները հազվագյուտ են մերինից ավելի հարուստ բեմերի վրա իսկ։ Այսպես, ուրեմն, պ. Պետրոսյանը վերին աստիճանի վայելուչ դերասան է, և այս պատիվ է բերում նրա աշխատասիրությանը։ Նա մի կենդանի ապացույց է, որ դերասանը առանց խոշոր տաղանդի էլ կարող է երբեմն խոր տպավորություն անել հանդիսականների վրա, ինչպես արավ Դբոլցև-հոր դերում։ Պ․ Պետրոսյանին նկատողություններ անելը մենք ավելորդ ենք համարում։ Նախ՝ չունենք կարևոր նկատողություններ, երկրորդ՝ նա արդեն հասել է իր չափավոր ձիրքի զարգացման վերջին կետին իր իսկ աշխատասիրությամբ։ Այսուհետև նրան փոխել չի կարելի...

Մեր ասածներից չպիտի եզրակացնել, որ ամեն մի աշխատասեր դերասան կարող է պ. Պետրոսյանի պես կարևոր դառնալ, եթե չունի որոշ չափով ձիրք։ Հակառակ դեպքում, մենք պիտի գովեինք և պ. Օհանյանին, որի համար ասում են, թե իբր առանձին բեմական կրթություն է ստացել Մոսկվայում։ Այս երիտասարդ դերասանը Դբոլցև-որդու դերում վերջնականապես ցույց տվեց ձիրքի բացակայություն։ Չնայելով իր մի քանի արտաքին հատկություններին, չնայելով