Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճաշակը ընտելացնենք նրա ճաշակին, ինչու պիտի բեմը խոսի նրա գռեհիկ և սխալ ոճով։ Բեմը պարտավոր է հասարակությանն անգամ լեզու սովորեցնել և ոչ թե համակերպվել ամբոխի ճաշակին ու բառբաոին։ Բեմի լեզուն պիտի լինի զուտ գրականական, ազատ ժողովրդական լեզվի սխալներից ու գռեհկությունից։ Գեղարվեստը սիրում է և գեղեցիկ արտահայտություն։ Ոճը գեղարվեստական երկի զարդն է։ Չպիտի կարծել, թե հանդիսականները գրականական լեզու չեն հասկանում, ուրեմն, պիտի նրանց հետ խոսել ամենահասարակ ոճով։ Այդ սխալ է։ Գոնե Բաքվի հասարակությունը, որքան ես նրան ճանաչում եմ, Հայերեն գիտե։ Ամենամաքուր գրակահական ոճը նրա համար նույնքան հասկանալի է, որքան և դերասանների համար։ Թարգմանիչները չպիտի հայ լեզվի էկական շահերն ու գեղեցկությունը զոհեն ամբոխի չգիտությանը, եթե իրավ լեզվի վերաբերմամբ այնքան տգետ է այդ ամբոխը։ Բայց, կրկնում եմ, Բաքվում ամբոխն անգամ ծանոթ է գրականական լեզվին։ Բաֆֆիից սկսած մինչև մեր մենանոր գրողները արդեն մաքրել են նրա բարբառը, լեզու են սովորեցրել։ Մահացու հանցանք է երեք֊չորս տասնյակ տարիների մեր գրողների արածին վնասել։

Պ․ Հ Աբելյանը, որ հայ դերասանների մեջ առաջնակարգ տեղ է բռնում պիեսներ ընտրելու վերաբերմամբ, արժանի է համակրանքի իր ընտրությունների համար։ Բայց նա պարտավոր է թարգմանել ավելի խնամքով, պարտավոր է գոնե ականջ ծակող սխալներից խույս տալ։ Սխալ է այն կարծիքը, թե այն ոճն է բեմական, որ հասարակ է։ Ոչ, ընդհակառակը, այն ոճն է բեմական, որ մաքուր է, զորեղ և գեղեցիկ։ Տվեք մեզ մաքուր հայ գրականական ոճ և մի հոգաք բեմականի մասին։ Որքան քաղցր է ոճը, այնքան ազդու Է, ուրեմն և բեմական։

«Հենշել»-ի դերը կատարեց պ. Պետրոսյանր, իսկ նրա երկրորդ կնոջ զորեղ դերը' տիկ․ Մայսուրյանը։ Պ. Պետրոսյանը չորս գործողություններ տարավ հաջողությամբ, շնորհքով և հաջորդաբար։ Հինգերորդում, ուր պահանջվում է մեծ խաղ և հոգեբանական ձիրք, նա, կարծես, հոգնեց։ Այդտեղ նա միայն խոսում Էր, խաղ չուներ։ Գուցե պատճառը դերի