Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չափազանց մեծ լինելն էր կամ նորությունը։ Սակայն ընդհանրապես պ. Պետրոսյանր լավ Հենշել էր։ Ես հավատացած եմ, որ երկրորդ անգամ, նա ավելի խոր ուսումնասիրելով Հենշելին՝ կտա մեզ նրա տիպը լիակատար։ Այսպես թե այնպես, այս դերը նրա ռեպերտուարի մեջ կարող է ամենալավ տեղերից մեկը բռնել։

Տիկ. Մայսուրյանն ըմբռնել էր իր ներկայացրած տիպը միակողմանի և ներկայացրեց միակողմանի։ Նա լավ էր մինչև Հենշելի կին դառնալը, երկրորդ գործողությունից արդեն ուժերը դավաճանեցին նրան։ Հինգերորդ գործողությունում, ուր նա պիտի արտահայտեր պիեսի իմաստը, մեզ վրա տպավորություն չգործեց։ Հենշելի ներշնչած սարսափը, սեփական խղճի խայթոցը, հոգու բոլոր հուզումը տիկինը չկարողացավ արտահայտել։ Այդ սարսափելի տեսարանում նրա դեմքը սառն էր այնպես, որ կարծես իր շուրջը մի սոսկալի դրամա չի կատարվում, այլ մանկական խաղ։ Նա թողնում է կողմնակի հանդիսատեսի տպավորություն։ Կարծես Հենշելի հոգեկան խորին տանջանքի մեջ ևս մաս չուներ, կարծես ինքը չէր, իր դավաճանությունը այդ տանջանքի պատճառը։

Ռովետտիի «Բարեկամներ»֊ը երկրորդ անգամ խումբը ներկայացրեց ժողովարանի դահլիճում։ Խումբը հղացել է գեղեցիկ միտք՝ շաբաթական մի անգամ էլ ժողովարանում խաղալ։

«Բարեկամներ»֊ը ես առաջին անգամն էի տեսնում։ Այս տարվա ներկայացումներից ամենահաջողը ես այդ պիեսի ներկայացումն եմ համարում։ Թե պիեսը, թե նրա կատարումը ազդու էին։ Պ. Աբելյան, որ կատարում էր պիեսի կենտրոնական դերը, անկշտամբեչի էր։ «Բարեկամներից» նախատված և մոռացված հասարակական գործիչի ու գրողի տիպարը նա ըմբռնել էր ճիշտ։ Բնական և ազդու է նրա կատաղությունը այդ ազատամիտ համարված բարեկամների ժխորի դեմ։ ժխոր, Որ առաջ, երբ նրանց ղեկավարը հաջողության մեջ էր, քծում էր նրան ստրկաբար, լիզում նրա գարշապարը։ Մանավանդ գեղեցիկ էր պ․ Արելյանի խաղը վերջին տեսարանում, երբ նա խելագարվում է։