Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք չգիտենք, կթողներ այդ տեսարանը ծայրեիծայր լի դահլիճի հասարակության վրա այնքան խոր տպավորություն, եթե պ․ Աբելյանը չունենար բեմի վրա արժանավոր ընկերուհի։ Խոսքս թատերասեր տ. Եղիսաբեթ Յուզբաշյանի մասին է, որ այս անգամ բարեբախտաբար հանձն էր առել կատարելու հալածված հասարակական գործիչի դստեր դժվար դերը։ Երկրորդ անգամն է տիկ. Յուզբաշյանին տեսնում եմ բեմի վրա, և երկու անգամ էլ նա թողել է ինձ վրա ձիրքով դերասանուհու տպավորություն։ Մինչդեռ նա միայն թատերասեր է և հազիվ, ինչպես ասում են, հինգ-վեց անգամ բեմ է դուրս եկել։ Նրա արտաքինը, ձայնը, ձևերը այնքան բեմական են, որքան գուցե մեր իսկական դերասանուհիներից շատ քչերը։ Նա գիտե զգտլ և զգացնել տալ։ Հուզիչ տեսարաններում նրա ձայնը արտահայտում է անկեղծ զգացմունք։ Դիտելով թատերասեր տիկնոջ լուրջ խաղը, ես ցավում էի, որ նա չի զարդարում մեր աղքատիկ բեմը։ Պետք է ունենալ անհերքելի բեմական ձիրք, որ դուրս գալով տիկ. Սիրանուշի պես մի հմուտ դերասանուհու հետ, ոչ միայն հաջողությամբ մրցել, այլև մի քանի տեսարաններում գերազանցել։

Կցանկանայինք, որ հարգելի տիկինը, արհամարհելով իր հասարակական դիրքի նախապաշարումները, իր ժամանակի գեթ մի մասը նվիրեր հայ բեմին, որ այնքան աղքատ է կանացի ուժերով։

Այդ երեկո ես առաջին անգամ տեսա պ. Հովհաննիսյանին, որին այնքան գովում էին ոմանք և այնքան պախարակում այլք։ «Իարեկամներ»֊ի մեջ նա լավ չխաղաց։ Իսկ «Հեն֊ շել»֊ում բավարար էր նրա խաղը։ Պ. Հովհաննիսյանը եթե աշխատե, կարող է օրինավոր դերասան լինել գոնե երկրորդական դերերի համար: Նախ և առաջ նրան խորհուրդ կտայինք թողնել այդ ավելորդ շարժումները, այն անվերջ երերումը բեմի վրա։ Նա միշտ կրունկների վրա պտտում է, միշտ երերվում, ուստի և թողնում է մի տեսակ մանկական լարված խաղալիքի տպավորություն։