Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու վերաբերմամբ, քանի որ գործին հմուտ մարդիկ, ինտրիդներից զզված, հեռացել էին ասպարեզից և հայ թատրոնի անունն անգամ չէին ուզում լսել։ Հարկավոր էր մի հրաշք, որ մեռածի դիակին շունչ տար։

Հրաշքը հարկավ տեղի չունեցավ, և Թիֆլիսի դռները եթե ոչ առմիշտ, գոնե երկար ժամանակով փակվեցին հայ թատրոնական խմբի առջև։

Այդ ժամանակ օգնության հասան բաքվեցիները։ Մի խումբ բարեձգտում պարոններ որոշեցին ապաբախտ դերասաններին ազատել գոնե դռնե դուռ տոմսակներ տարածելու անախորժ սովորությունից։ Եվ ահա չորս տարի է, որ հայ բեմը քիչ թե շատ կանոնավոր կյանք է վարում։ Ձգենք ուրեմն մի ընդհանուր հայացք այժմյան խմբի բարոյական կացության վրա, քանի որ նրա նյութականը ապահով է։


Բաքվի խումբը այնպես, ինչպես նա կա այսօր, խոշոր, շլացուցիչ տաղանդներ չունի։ Ուզում եմ ասել, չկա մի այնպիսի զորեղ աստղ, որի շողերը խավարեցնեին ամբողջ խմբի լույսը, որպիսին էր Ադամյան։ Բայց հայտնի է, որ խոշոր տաղանդները դարերով են ծնվում և ոչ թե տարիներով, մանավանդ փոքր ազգերի մեջ։ Մի այսպիսի տաղանդ հայ թատրոնը յուր հիսնամյա գոյության ընթացքում տվել է միայն մեկը։

Տողերիս հեղինակը այնքան կուրացած չէ ազգասիրական կրքից,որ Մդամյանին համարի համաշխարհային հանճար, բարձր ամեն մի քննադատությունից, ինչպես անում են ոմանք։ Ես Ադամյանին համարում եմ զուտ արտիստ, բասիս իսկական իմաստով։ Գեղարվեստագետ, որը սակայն հանճար ճանաչվելուց հեռու էր։ Բայց և այնպես նա մի այնպիսի խոշոր տաղանդ էր, որի ծանրությանը հազիվ կարող էին դիմանալ հայ հասարակության նման մի փոքրիկ մարմնի ուսերը։ Եթե այդ ուսերը ավելի բարձր ու ավելի զորեղ լինեին, անշուշտ Ադամյանին կհասցնեին համաշխարհային աստղի բարձրությանը։