Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասցրել հայ լեզուն, որ այսօր նա բեմի վրա դարձել է մի ինքն ուրույն ժարգոն։

Մի քանի խոսք ևս բեմի կառավարիչների մասին։ Դրանք գործի տեր, չափազանց զբաղված մարդիկ են, ժամանակ չունին թատրոնով զբաղվելու։ Չգիտեմ, ընդունա՞կ են բեմ կառավարելու, թե ոչ, բայց այն, ինչ որ անում են և արել են, չեն ապացուցանում նրանց ծանոթությունը թատրոնական գործի հետ։ Խմբի հետ անմիջական հարաբերություն ունենալը հանձնված է մի ինչ֊որ գործակատարի, որ ինչպես ասում են, կյանքում ոչ մի թատրոն չի տեսել։ Կարելի է երևակայել, թե բարոյական տեսակետից ինչ բախտավոր վիճակի մեջ է Բաքվի բեմը։ Խումբը հատուկ ռեժիսյոր չունի։ Աբելյանր և Պետրոսյանը հերթով կատարում են ռեժիսյորի դեր։ Բեմ առանց հատուկ ռեժիսյորի՝ այս միայն հայերի մեջ կարելի է տեսնել։ Սակայն ինչ տարօրինակ պայմանների մեջ չի եղել չարաբախտ հայ բեմը։


ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ


Բաժանված խումբը և բաքվեցիսերի համառությունը: Թիֆլիսի խումբը և նրա թերությունը: Բաքվի խումբը և նրա գլխավոր ուժերի տկարությունը: Թարգմանական և ինքնուրույն պիեսներ:


Հայոց բեմական ուժերից հազիվհազ կարելի է մի օրինավոր խումբ կազմել, իսկ այս տարի նա բաժանված է երկու մասերի։ Մի մասը սեպտեմբերի 15-ից արդեն սկսել է խաղալ Թիֆլիզում, Արտիստական ընկերության գեղեցիկ թատրոնում և պիտի խաղա մինչև դեկտեմբերի վերջը։ Եսկ այնուհետև ինչ պիտի անի - դեռ հայտնի չէ։ Մյուս մասը հոկտեմբերի մեկից պիտի խաղա Բաքվում «Թաղիևի թատրոն» կոչված շտեմարանում մինչև սեզոնի վերջը։

Դերասանական թերուժ խմբի այսպիսի պառակտման պատճառն այս անգամ իրանք դերասանները չեն, այլ այն անձինք, որոնք հանձն են առել Հայոց թատրոնի գործը վարել։ Մեզ հասած տեղեկություններից երևում է, որ մեղավոր են այս անգամ մի քանի բաքվեցիներ, որոնք հասարակական փողերը իրանց իրավունքի տակ պահելով, հավակնություն