ունին Հայոց թատրոնի ճակատագրի վերաբերմամբ դեր խաղալու։
Անցյալ անգամ մենք ակնարկեցինք, որ այդ մարդիկ, չունենալով առնչություն թատրոնի հետ և առհասարակ որևէ գաղափար գեղարվեստի մասին, վերջին 4 — 5 տարվա ընթացքում խեղճ Հայոց թատրոնի առանց այն ևս վատ վիճակը վատթարացրին։Ծախսելով ավելի քան 60 հազար ռուբլի մի հասարակական գումար, Բաքվի ինքնակոչները չկարողացան ոչ մի բեմական նոր ուժ ասպարեզ հանել, ոչ մի ինքնուրույն պիես տալ հասարակությանը և ոչ էլ գոնե քիչ թե շատ ապահովել բեմի նյութական ապագան։ Կարծում ենք ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ մարդիկ պիտի զգային իրանց անձեռնահասությունը և գործը փչացնելուց հետո հանգիստ թողնեին բազմաչարչար հայկական բեմը։ Սակայն այդպես չարին։ Այս տարի, ընդհակառակը, նրանք չարիքը ավելի խոշորացրին։ Փոխանակ նպաստելու Թիֆլիսի նորակազմ դրամատիկական ընկերությանը նյութապես, նրանք վնասեցին գործին, վճռելով պահել առանձին խումբ։ Եթե բաքվեցիները հասկանային թատրոնի իսկական նշանակությունը, գլուխները թեքած պիտի իրանց ժողոված փողերը բերեին և խոնարհաբար հանձնեին Թիֆլիսի ընկերությանը։ Այն ժամաակ ընկերությունը միջոց կունենար պահել մի մեծ և ամբողջ խումբ, որ երեք ամիս կխաղար Թիֆլիսում և երեք ամիս Բաքվում։ Իսկ այժմ դրությունն այսպես է—Թիֆլիզումն էլ կա խումբ, Բաքվումն էլ, բայց իսկապես ոչ այստեղ կա անսամբլ, ոչ այնտեղ։ Հետևաբար թե այստեղ և թե մանավանդ Բաքվում գործը կաղալու է և կաղաղու է շատ վատ։ Ասում ենք մանավանդ Բաքվում, որովհետև մեր բեմական գրեթե բոլոր աչքի ընկնող ուժերը Թիֆլիզումն են խաղում։ Իսկ Բաքվի խումբը գլխավորապես բաղկացած է բոլորովին անփորձ և տակավին անծանոթ ուժերից... Հետևաբար չի հարկավոր մարգարե լինել ասելու համար, որ այս ձմեռ Բաքվի հայ հասարակությունը չի այցելելու հայոց ներկայացումները, բեմը սնանկանալու է, և նորա ինքնակոչ ղեկավարները նորից սկսելու են դռնեդուռն մուրացկանություն անել «հոգուտ թատրոնին»։