Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբ ես աշխատակից էի «Արձագանք»-ին, որը սկզբունքով դեմ չէր այդ հոբելյանին, այլ միայն համարում էր նրան անժամանակ։ Մի դատողություն, որ մի անգամայն արժանի է «Մշակ»֊ի այժմյան ղեկավարների մտավախությանը։ Այն ժամանակ, երբ ես գնացի Արծրունու հոբելյանը շնորհավորելու, ոչ միայն աշխատակից էի «Արձագանք»-ին, այլև փոխխմբագիր և միակ մարդն ամբողջ խմբագրության մեջ, որ համոզմունքով համարում էի Արծրունու հոբելյանը արդարացի։ Ուստի, չնայելով ամբողջ խմբագրության կամքին, չնայելով հազար ու մի ուրիշ արգելքների, գնացի Արծրունուն շնորհավորելու և մասնակցեցի անգամ հասարակական ճաշկերույթին։ Այդ օրվա իմ ներկայությունը հոբելյարին պատճառեց անհամեմատ ավելի ուրախություն, քան իր բոլոր աշխատակիցների և շողոքորթների հորթային ոստոստումները, որոնց արժեքը ինքը' Արծրունին շատ լավ գիտեր, Այս էր պատճառը, որ հոբելյարը զգացվեց և համբուրվեց ինձ հետ։

«Մշակ»-ն ասում է, որ այդ օրը ես Արծրունուց ներողություն եմ խնդրել։ Դա մի տկլոր սուտ է։ Ո՛չ այդ օրը, ո՛չ հետո և ոչ երբեք մեր մեջ ներողության մասին խոսք չի եղել։ Ներողություն խնդրում է նա, որ իրան մեղավոր է զգում։ Իսկ ես Արծրունու առջև այնքան էի մեղավոր, որքան նա իմ առջև։ Նա հարվածել էր ինձ, ես էլ՝նրան։ Կռիվը փոխադարձ էր, և ես հոբելյանից հետո շարունակել եմ դարձյալ կռվել Արծրունու հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև ես մտքի այն ստրուկներից չէի և չեմ, որոնք խունկ են ծխում Արծրունու սխաներին անգամ։ «Մշակ»-ն ինձ «անզուսպս» ածականն է տալիս։ Ընդունում եմ հաճույքով այս ածականը։ Այո, ես անզուսպ եմ այն ժամանակ, երբ հարկավոր է իմ զգացումների անկեղծ ձայնին հպատակվել։

Հարցնում եմ, «Մշակ»֊ի ղեկավարներից ո՞րը քաջություն կունենար նույնն անելու, ինչ որ ես արի, այսինքն' ո՞րը նրանցից կգնար մի հոբելյան տոնելու, որին դեմ էին նրա բոլոր շրջապատողները և որր պաշտոնով կապված էր այգ հոբելյանի հակառակորդ Լրագրի հետ։ Անշուշտ պ. Ալեքսանդր Քալանթարը։ Այո, այդ քաջարի և խիզախ «հրապարակախոսը» կգնար և գնաց» Գնաց այն ժամանակ, երբ գաղտագողի ժողովներ էին կազմում Արծրունուն կործանհելու համար, իսկ երեսանց բարեկամ ձևանում։