Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րր թեև ունե բասեր, բայց նոքա իրանց ուժով չեն համապատասխանում խմբի ամբողջությանը։ Տողերիս հեղինակը առիթ է ունեցել երկու տարի առաջ Բաքվում լսել խմբի երգեցողությունը, այն ժամանակ նա ավելի հարուստ էր բասերով, որ ամենայն մի խմբային երգեցողության, այսպես ասած, հիմքն է։

Սակայն այս պակասությունը չպիտի վերագրել պ. Կարա-Մուրզայի անհոգությանը, քանի որ խմբի երգիչները վարձված մարդիկ չեն, այլ սիրողներ, որոնք հաճախ փոփոխվում են, վարժված երգիչների փոխարեն նորերը գալով։ Ինչ ասել կուգի, շատ ցանկալի կլիներ, որ պ. Կարա֊Մուրզան կարողանար պահել մի կանոնավոր մշտական անփոփոխ խումբ։ Բայց դա, մեր կարծիքով, մեկ մարդու գործ չէ, այլ ամբողջ հասարակության։ Եթե հասարակությունը սիրում է յուր ազգային երաժշտությունը և գիտե անկեղծ ոգևորվել յուր մայրենի երգերով, ինչպես այդ նկատելի էր ամսույս 13֊ին, նա պարտավոր է նպաստել պ. Կարա֊Մուրզային յուր ձեռնարկած համակրրելի գործը ավելի զարգացնելու և ավելի կանոնավորելու։ Բայց ինչ ենք ասում, չէ՞ որ նույն, այսօրվա Թիֆլիզի ոգեվորվող հասարակությունը սորանից մի քանի տարի առաջ միանգամայն անտարբեր էր դեպի պ․ Կարա֊Մուրզան, որ ձգտում էր խումբ կազմել Թիֆլիզում։ Այնքան անտարբեր, որ եռանդուն երաժշտագետը, վերջապես, վհատված թողեց Թիֆլիզը և յուր օրվա պարենը հայթայթելու համար գնաց մի գավառական քաղաք։

Բայց Բաքվի հայ հասարակությունը կարողացավ փոքրի-շատե գնահատել այն, ինչ որ չիմացավ գնահատել հայերի «մտավոր կենտրոնը»։ Ցանկանում ենք, ուրեմն, որ նույն Բաքվի հայ հասարակությունը, որ այդպես կարողացել է միջոց տալ պ. Կարա֊Մուրզային յուր ձեռնարկությունը իրագործելու, այսուհետև նպաստե, որ նա յուր իրագործածը ավելի հաստատ հիմունքների վրա դնի։ Այն ժամանակ, վստահ ենք, մենք կունենանք ազգային մի երգեցիկ խումբ, որ կարող է մեր փոքրաթիվ պարծանքներից մեկը լինել, ինչպես ռուսների համար ազգային պարծանք է պ. Սլավյանսկու սլավոնական խումբը։