չէ, այլ կյանքում դիտված և ուսումնասիրված երևույթ, որ ինձ վրա գործել է խոր տպավորություն։ Ես նկատել եմ, որ մեզանում օր֊օրի վրա ավելանում է այն կրթված կանանց թիվը, որոնք մի խուլ պատերազմ են հայտնել տղամարդին իրանց անհատական ինքնուրույնության համար։ Այդ կանայք, ըստ հոգեկան ուժերի, բաժանվում են երեք կարգի։ Մեծամասնությունը չի դիմանում կովի ծանրությանը, շուտով ընկճըվում է, հաշտվում է իր դրության հետ և խառնվում ամբոխին։ Դրանք այն ողորմելիներն են, որոնց մեջ ստրկության ոգին դեռ զորեղ է։ Մյուսներն աշխատում են իրենց անհատական կյանքի ձախորդությունը մոռանալ մի որևէ զբաղմունքի կամ, այսպես կոչված, հասարակական գործունեության մեջ, որ մեր սահմանափակ կյանքում հավասար է զրոյի։ Այդպիսիների թիվը մեծ չէ, և հենց սրա մեջ է կայանում նրանց արժանավորությունը։ Սակայն, իբրև անհատներ, այդպիսիները շատ քիչ ոգևորություն են ներշնչում վիպասանին և դրամատուրգին, որովհետև մի կեղծ գրությունը գերադասում են մյուս կեղծ դրությունից, մի չարիքը փոխարինում են մյուս չարիքով իրանց հոգեկան ուժերի սակավության պատճառով։ Դրանք ինքնախաբեության զոհեր են, իլյուզիայով ապրող ողորմելիներ։
Բայց կան շատ հազվագյուտ կանայք, որոնք կռիվն ազդարարում են համարձակ, տանում են նրան մինչև վերջը կամ հաղթում կամ կործանվում։ Այդպիսիներից է իմ հերոսուհին, որի անկեղծությունը ես կամեցել եմ ասպարեզ հանել, չնայելով հայ հասարակության նույնիսկ կրթված դասակարգի մեջ տիրող հայացքների՝ ընտանեկան կյանքի մասին։ Երկուսից մեկը-կամ պետք է խեղդեի իմ մեջ անկեղծության զգացումը, լինեի փարիսեցի, շոյեի հասարակական կարծիքի ինքնահավանությունը և բռնակալությունը, կամ պետք է հանուն ճշմարտության և անկեղծության ասպարեզ գայի և ինքս ինձ ենթարկեի նախապաշարումների ծաղրին և հալածանքին…
Ես գերադասեցի վերջինը, շարունակեցի գործս, ավարտեցի և թատրոնական սեզոնի սկզբում հանձնեցի Թիֆլիսի Հայ Դրամատիկական Ընկերության։ Սակայն պիեսի հենց առաջին փորձին նկատեցի նրա թերությունները։ Նկատածս