Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա այն կանանցից չէ, որոնք հասարակական կարծիքի սարսափից և շատ անգամ մի փոր հացի համար շարունակում են կեղծել նույնիսկ այն ժամանակ, երբ զգում են իրանց բարոյական ստրկությունը, իրանց դրության ստորությունը։ Թող այդպիսիներն աշխատեն իրանց հոգեկան ապիկարությունը արդարացնել մայրական զգացումով։ Հերսիլեն չի կամենում հետևել նրանց օրինակին։ Նրա տեսակետից անբարոյականություն է մնալ այն մարդու հարկի տակ, որին չի սիրում, որից զզվում է, որից, վերջապես վախենում է։

Ես չեմ հերքում, որ իմ հերոսուհու գաղափարը դաժան է, բայց անկեղծ է— ահա ինչն է գլխավորը։ Եվ թող մեր բարոյախոսներն այսուհետև եռապատիկ անբարոյական համարեն իմ երկը, փարիսեցիությունը երբեք չի ղեկավարել և չի կարող ղեկավարել իմ գրիչը։

Ի դեպ, մի քանի խոսք այդ բարոյախոսների հասցեին, որպեսզի նրանք չվիրավորվեն ինձնից։ Ես ակնարկում եմ հայ լրագրներում և մի ամսագրում («Մուրճ») տպված «քննադատությունների» խորամիտ հեղինակներին։ Սրանք էին, որ մի զարմանալի ներդաշնակությամբ «Ունե՞ր իրավունքներ հռչակեցին անբարոյական։ Թե ովքեր են այդ մարդիկ — չգիտեմ և ճանաչելու էլ ցանկություն չունեմ, բայց կարդացել եմ նրանց խորիմաստ դատողությունները։ Մի լրագիր, որ մյուսներից ավելի թշնամաբար է տրամադրված դեպի ինձ և որն ամեն առիթից օգտվում է ինձ վրա մի կտոր ցեխ շպրտելու, այս անգամ ցույց տվեց զարմանալի տոկունություն իր հարձակումների մեջ։ Այդ լրագիրը, որ չգիտեմ ինչու, դեռ աղտտամիտ է համարվում, իմ պիեսի գաղափարի վերաբերմամբ անհամեմատ ավելի մտավախություն ու նեխված պահպանոդականություն բույր տվեց, քան այն ամենքը, որոնց նա պահպանողական ու խավարամիտ է համարում։