Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա այնքան վշտացել էր իմ պիեսից, որ չբավականացավ մի քանի վայրիվերո «ռեցենզիաներով», այլ ահա վեց ամիս է շարունակ հարձակվում է ինձ վրա, թե՛ բացարձակ և թե՛ տողամեջ, չխնայելով երբեմն նույնիսկ իմ անձնական պատիվը։ Բանն այնտեղ հասավ, որ նա հարձակվեց ինձ վրա և′ այն մարդկանց բերնով, որոնք ոչ տեսել էին իմ պիեսը և ոչ կարդացել։ Այդ մարդկանցից մեկն էր և պատմություն աղավաղող Լևոն։ Իր կատաղի հարձակումների ժամանակ լրագիրը չամաչեց մեկ անգամ աղճատել իմ պիեսի բովանդակությունը։ Այսպես, օրինակ, նա մի քանի անգամ կրկնեց, թե իմ հերոսուհին իբրև թե ատում է իր զավակներին և բացարձակ խոստովանում է իր ատելությունը։ Այնուհետև, այդ լրագիրը մատի փաթաթան դարձրեց Հերսիլեի դարձվածը. «Ես այնպիսի տրամադրության մեջ եմ այժմ, որ պատրաստ եմ գեղեցիկը սիրել նույնիսկ հանցանքի մեջ»։

Ես պիեսիս այդ տողը թողնում եմ անփոփոխ։ Ով ընդունակ է իր կարդացածը ճիշտ ըմբռնելու, նա կտեսնե, որ իմ խելոք «քննադատները» մի հիմար սուտ են ասում, թե իբր Հերսիլեն ատում է իր զավակներին։

Լրագրական իմաստակների մեջ գտնվեցին և′ այնպիսիները, որոնք ասացին, ինչու ես Հերսիլեին իր ամուսնուց մի որևէ հասարակական գաղափարի անունով չեմ բաժանում։ Հիշում եմ, երբ այդ կտորն ինձ մոտ կարդաց բարեկամներիցս մեկը, վրդովվեց մինչև հոգու խորքը։

- Հասկանում եմ, - ասաց բարեկամ, - այդ տեսակ մարդկանց գաղափարները։ Այդպիսիների համար գաղափար է միայն այն, ինչ որ այսօր վաճառվում է հայ գրականության ստորին շուկայում։ Եթե դու, Շիրվանզադե, քո հերոսուհուն ստիպեիր բաժանման ժամանակ արտասանել մի հայրենասիրական ճառ, դիցուք այսպիսի մի բան. «Մնացեք բարև, իսիրելի զավակներ, ես դնում եմ թուրքերին կոտորելու և Հայաստանն ազատելու», կամ մի ուրիշ նման խոսք, անշուշտ