մեջ թաղված հարստահարիչներ, այստեղ նրանք երրբեմն մի տեսակ օրինակելի հերոսներ, առաքինության կարծես բարձր տիպարներ են, որ ձգտում են ո′չ միայն գրավել ձեր համակրությունը և սերը, այլև ստիպել ձեզ իրանց օրինակին հետևելու։ Երկարամյա համառ և տոկուն աշխատությամբ հարստություն դիզած, հասարակ հացագործի աստիճանից միլիոնավորի գրության հասած մի տիկին Դեվերեն (Սերժ Պանին), կամ մի հարուստ դրամատեր Դերբլե (Le maitre de forges) ձեր առջև ներկայանում է ազնվության տիպար և առաքինի հերոս։
Եվ որովհետև ժամանակակից Ֆրանսիայի ճակատագիրը գտնվում է բուրժուազիայի ձեռքում, որովհետև սա է վարում նրա քաղաքական և հասարակական կյանքի ղեկը, հետևաբար և հանդիսանում է տաղանդ գնահատող և գեղարվեստ խրախուսող, ուստի հասկանալի է, ինչ տեսակ գրվածքներ ախորժելի կլինին նրան։
Այս է Ժորժ Օնեի անասելի հաջողության բուն պատճառը։ Ավելացրեք սրան և այն, որ Օնեն, այս տակավին նոր հեղինակը, արդեն գրավել է յուր կողմը և Ֆրանսիայի քառասուն անմահների կաճառը, գիտությունների ակադեմիային, որը նրա վեպերից մի քանիսը, գուցե նրանց ողջախոհ բովանդակության համար, պսակել է յուր հեղինակավոր հավանությամբ։ Ահա ինչու Փարիզի բազմաթիվ բուրժուաները օրվա տոկուն և արդյունալից աշխատություններից հետո, իրանց ազատ ժամերը նվիրում են այն վեպերի ընթերցանության կամ այն պիեսների ներկայացման, որ այսպես ասած, շոյում են նրանց բուրժուական զգացմունքները, ուր նրանք իրանց պատկերը գտնում են հաճելի գույներով նկարված։ Գուցե բուրժուազիան երբեմն ինքն էլ զարմանում է, բեմի վրա տեսնելով ինքն իրան՝ անարատ հերոսի դրոշակը ձեռքին։ Եվ որքան հանրապետական Ֆրանսիան գոհ պիտի լինի մի այնպիսի հեղինակից, որ գիտե հանրապետական ռեժիմի պաշտպանի և ջատագովի ձեռքը տալ ո′չ միայն տնտեսական և քաղաքական, այլև բարոյական ու մտավոր առավելության վկայագիրը։
Դա մի տեսակ հեղինակական աժանագին հաղթանակ է, որ հաճախ վիճակվում է չափավոր տաղանդներին, որոնք գի