Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անկախ արտիստներ. ի՞նչ ասել է այդ։

Փարիզում այլևայլ անթիվ` պատկերահանդեսների հետ կան երկուսը, որ ամենանշանավորն են՝ գարնանային և աշնանային։ Յուրաքանչյուրը բաղկացած է երկու բաժնից, բացվում է միևնույն Մեծ Պալեում, մեկը հռչակավոր Տalon֊ն է, մյուսը սալոնից անջատված արտիստների ընկերությունը, ուր թագավորում է ժամանակիս ամենամեծ արձանագործը՝ Ռոդենը։ «Անկախ արտիստները» կապ չունեն ո՛չ մեկի և ո՛չ մյուսի հետ, դրանք կազմում են զուտ ընկերություն, որին կարող է մասնակցել ամեն ոք, և՛ անպայման տաղանդը, և' սկսնակը, և' հայտնին, և' անհայտը, ամենքը, որ գիտեն վրձին շարժել, նույնիսկ նրանք, որ գույների մասին ունեին հրեշային գաղափար և գեղարվեստի մասին՝ բարբարոսական հասկացողություն։ Ազատություն է ձիրքի, ուղղության, Հայացքների, ազատություն երանգների, սյուժեների, մանավանդ սյուժեների և տենդենցների։ Նկարիր ինչ ուզում ես, կընդունվի քո նկարը, առանց քննության։ Արծարծիր ինչ գաղափար ուզում ես, թեկուզ ցույց տուր, թե ճշմարտությունը գտնվում է ագռավի կտուցում, այդ քո գործն է։ Ոչ ոք չունի իրավունք քո ուղեցույցը լինելու, քո հոգին ազատ է, ինչպես քամին, քո էության մեջ միայն դու ես թագավոր, քո ճաշակի համար դու ես միայն պատասխանատու։

Ժյուրի։ Այդ ի՞նչ հնամաշ հիմնարկություն է։ Դա մի տեսակ բռնություն է արտիստների վրա։ Պետք է ոտնատակ անել և ջախջախել շղթաները., մարդն ի բնե ազատ է, ուրեմն ագատ է և սերը, ատելությունը, ճաշակը և գեղարվեստի փրկությունը հենց ազատության մեջ է։

Չկա մահկանացուների մեջ ոչ քննադատ, ոչ, մանավանդ, դատավոր։ Ժամանակը՝ ահա գեղարվեստի անաշոռ և անողոք քննադատը, ապագա ժամանակը։ Դուրս բեր ասպարեզ քո հոգու արտահայտությունները և ինքդ կանգնիր նրա քով բաց ճակատով։ Մի վախենար, որ կին ես, նկարիր հեշտանքի և վավաշոտության ամենածայրահեղ տեսարանները։ Դա ճշմարտություն է։ Թող անցորդը նայե քո գործերը և զըզվանքով երես դարձնե, փույթ չէ։ Դու չպիտի վրդովվես, որովհետև ճշմարիտ քննադատությունը ապագային է պատկանում։