Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան բնակիչները այդ արձանը ձուլել են տվել, գիտե՞ք ինչից, գյուղի փակված եկեղեցու զանգից։ Հակակղերական գաղափարը հսկայական քայլերով է ընթանում, խորտակելով ամենուրեք կաթոլիկության կառուցած պատնեշները։ Այն վաղուց է անցել գյուղացիների շրջանը և այսօր արդեն իր հաղթանակներն է տանում։ Կառավարությունը, կարելի ընդհարումների առաջն առնելու համար, Սյուր են ուղարկել էր ոստիկանների մի մեծ թիվ և նույնիսկ զորք։ Հակառակ հակազոլայականների ջերմ փափագին, անկարգություններ տեղի չունեցան, հանդեսն անցավ խաղաղ։ Գյուղի Cure՜-ն (ծխատեր քահանան) հանգանակություն է բաց արել փակված և «ապականված» եկեղեցու փոխարեն նորը կառուցանելու, իսկ կղերական Gaulois լրադիրը, նվիրելով 100 ֆր․, հրավիրում է իր ընթերցողներին փող չխնայել հիշյալ եկեղեցու գլխին մի մեծ զանգ կախելու, որ առավոտ, երեկո անեծք հնչե Զոլայի հիշատակին։

Եվ նորից սկսել են տեղալ մեծ վիպասանի գերեզմանի վրա զրպարտություններ, լուտանքներ, նորից շոշափում են նրա անձնական պատիվը, որ բարձր է եղել ամեն քննադատությունից, նրա բարոյական վարկը, որ անարատ է եղել, ինչպես նորեկ ձյունը։ Հռչակավոր Հանրի Ռոշֆորը նվիրեց մի շարք պամֆլետներ։ վիպասանի վիթխարի ուրվականին։ Սակայն զառամյալ պամֆլետիստի ժանիքները վաղուց են փտել, և այսօր նրա սրախոսությունը մի ժամանակվա թույնի փոխարեն արտադրում է զազրելի ժահր։

Հետաքրքրականն այն է, որ անցյալ ամիս, երբ կառավարությունը պառլամենտից պահանջում է 35 000 ֆր. վիպասանի աճյունը տեղափոխելու ծախքը, ասպարեզ եկավ իբրև կատաղի թշնամի, ո՞վ,— մի գրող, հայտնի վիպասան-դրամատուրգ Մորիս Բարրես։ Այս կղերա-միապետական ակադեմիկոսը, որ համենայն դեպս մի բավական խոշոր տաղանդ է, երկար ճառով բացատրեց ձանձրույթից նիրհող պատգամավորներին, որ Զոլայի իբրև թե միակ արժանավորությունն այն է եղել, որ ֆրանսիացու բարոյական վարկը գցել է համաշխարհի աչքում։ Չկա մի դասակարգ, որին խնայած լինի նրա թունավոր գրիչը` սկսած արիստոկրատիայից