Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան» սկզբունքը։Նորագույն հասարակական և ազգային շինությունները գեղարվեստի տեսակետից ուղղակի նախատինք են մեր ժամանակի ոգուն։ Այս են ասում բոլոր գեղարվեստագետները և ողբում են ճարտարապետության անկումը։

Ինժեներները փառաբանում են երկաթի, պողպատի և ցեմենտի արշավանքը։ Նրանք ճգնում են ապացուցանել, որ այս նյութերը նույնչափ ընդունակ են գեղեցիկն արտահայտելու, որչափ քարն ու մարմարիոնը։

Գեղագետները ծաղակոծում են ինժեներային արհեստի հավակնությունը։Նորերս Պոլ Գզելը «Revue» հանդեսում չարաչար պարսավեց Փարիզի երեք շինություններ, որ ժամանակակից ինժեներային արհեստի պարծանքներն են՝ նախավերջին համաշխարհային ցուցահանդեսից մնացած-«Մեքենաների պալեն», Էյֆելյան աշտարակը և, վերջապես, Ալեքսանդր 3-րդի պողպատյա կամուրջը։ Նրա կարծիքով, այս շինությունները Փարիզին պատիվ չեն բերում։Նա չի խնայում մինչև անգամ քարաշեն «Մեծ Պալեն» և «Փոքր Պալեն», որոնցով հպարտ է մունիսիպալիտեն։

Բուրժուազիան պարծենում է, թե նա ծաղկեցրեց նորագույն գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը, անդրիագործությունը։Այս ճիշտ է որոշ չափով։ Բայց ճարտարապետությունը նա կործանեց—այս ավելի ճիշտ է։Նա խլեց արտիստի ձեռքից գեղարվեստի թանկագին ճյուղերից մեկը և տվեց արհեստավորին։Այս անհերքելի է։Եվ ցավալի։


ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ


Այսօր ֆրանսիական ազգը տվեց իր բարձրագույն հարգանքը հանճարեղ քաղաքացուն։Մի անգամ ևս ճշմարտությունը իր կրունկը սեղմեց վիշապի կոկորդին։Մի անգամ ևս խավարի հերոսները մնացին ամոթահար, ընկճված և քաշվեցին իրենց մութ անկյունները։Տեսնենք, այսուհետև ինչ դավադրություններ պիտի լարեն արդարության դեմ:

Էմիլ Զոլան անցավ Պանթեոն։Այնտեղ, դեպի ուր վաղուց էր իր համար ճանապարհ հարթել տիտանը։