Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր նման, գուցե իրանից ավելի կարոտյալներ։ Եվ եթե ամբողջ տարվա ընթացքում մի որևէ կուշտ հայ կամ որևէ դարվիշի դրդմամբ, բարեհաճում է ոտք դնել նրա՝ հայ արտիստի անշուք արհեստանոցը, պետք է տեսնել սրա ուրախությունը։ Նա պատրաստ է իր մտքի և զգացումների արդյունքը վաճառել ամենաչնչին գնով, միայն թե վաճառի, միայն թե կարողանա ժամանակին վճարել իր կացարանի վարձը։ Նա վախենում է իր գործի այդ ամենաչնչին գինն անգամ ասել այցելուին, որովհետև գիտեր, որ իր առջև կանգնած է ոչ այն քան մի գեղարվեստասեր, որքան... մի բարի հայրենակից․․․ բայց որքան չնչին է այդ բարիների թիվը...

Ահա մոտենում է սալոնների բացումը։ Մեր արտիստը որոշել է ներկայացնել իր գործը։ Նա շատ լավ գիտե, որ սալոն ասված բանը իսկապես մի բազար է և ոչ արվեստների արդարացի մրցում, որ սալոնում ընդունված լինել, դեռ չի նշանակում լինել իսկական ստեղծագործող, որ արդեն շատ ճշմարիտ արտիստների շարքում կան և շատ անքանքար,ողորմելի արհեստավորներ, որոնց գործը ճաշակ ունեցող արդը իր խոհանոցում անգամ չի պահիլ։Բայց ինչ արած, այդ մի շուկա է, մի բորսա, պետք է երևալ այնտեղ, սնանկ չհամարվելու համար։

Բայց ի՞նչպես երևալ։ Ամբողջ յոթ-ութ ամիս հայ արտիստը ամենից առաջ մի հոգս է ունեցել վաղը քաղցած չմնալ։ Նա աշխատել է, բայց անկանոն, օրամեջ։ Նա միջոց չի ունեցել «մոդել» վարձելու, որ այնքան թանկ է նստում արտիստին։ Սակայն այնուամենայնիվ, նա ունի մի շարք կտավներ— եթե նկարիչ էք և կավեր—եթե արձանագործ է։ Կտավը պետք է դնել շրջանակի մեջ, կավը պետք է վերածել կամ մարմարիոնի, կամ պղնձի։ Նա չունի միջոց այդ անելու և ահա իր տխուր, մռայլ հայացքը ձգում է իր գործերի վրա և հառաչում։ Իսկ նրա օտարազգի ընկերը ամեն ինչ ունի։ Ունի մրցելու միջոց։ Թող նա հաղթվեր և թավալվի արվեստների արյունոտ դաշտում, ուր մի հերոսին տասնյակ դիակներ են շրջապատում, բայց նա կմեռնի կռվի դաշտում։ Իսկ հայ արտիստը զրահ չունի ասպարեզ ելնելու։Նա ոչինչ չունի, ոչինչ, որ նրան ուժ տա, խրախուսեւ։