Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոգում իր գործած տպավորության մասին։ Նրա մելամաղձոտ և մի քիչ հոգնած հայացքը միշտ հառված էր դեպի հեռավոր, անորոշ տարածություն։ Մերթ ընդ մերթ, մոնոկլն ուղղելով, արտասանում էր ոտանավորներ Սոֆոկլից, Ռասինից, Ալֆրեդ դը Վինիից։Հյուգոյի համարում էր տասնեիններորդ դարի երկրորդ բանաստեղծը, թեև քիչ անգամ չէր նրա մասին դառը սրախոսություններ արել։ Լամարտինին էր գերադասում Հյուգոյից։ Այնուհետև տեղ էր տալիս Ալֆրեղ դը Մյուսեին, Բոդլերին, էեկոնտ դը Լիլլին և Վեռլենին։

Նա ազդված էր նախ՝ Մալարմեից, ապա՝ Բոդլերից, որի բարձրությանը երբեք չհասավ։ Նա եղել էր Վեռլենի մտերիմ բարեկամը և նրանից սովորել էր խմել «արսենտ»։ Ով գիտե, գուցե հոգնատանջ բանաստեղծը մինչև այսօր էլ մնար չգնահատված, եթե Ժան Մորեասը Մորիս Բարեսի հետ չդուրս բերեր նրա սքանչելի գործերը անհայտությունից և Ժողովրդականացներ։

Նա ինքն իրան համարում էր Վեռլենի հաջորդը, միայն ավելի կատարելագործված։ Եվ արդարև, մի ժամանակ նա հռչակվեց սիմվոլիզմի իշխան։ Երիտասարդ բանաստեղծները նրան բարձրացրին իրանց ուսերի վրա, հետո ձգեցին, հետո նորից բարձրացրին։ Նա սիրահար էր արտաքին կատարելագործությանը։ Երբեք գոհ չէր իր նախընթաց երգից։ Նա հղկում էր իր ոտանավորները ադամանդների պես շատ երկար, չմտածելով, թե արդյոք բնական են նրանք թե շինծու, կեղծ։ Նա պաշտում էր դասականներին ոչ նրանց երկերի ներքին իմաստի, այլ արտաքին անկշտամբելի գեղեցկության համար։ Ձևը նրա պաշտամունքն էր։ Երբեմն նա դաժան էր դեպի նոր բանաստեղծները և հրավիրում է եռանդով դեպի Սոֆոկլեսի ուրվականը։ Ինքը մնաց նրա պատվանդանի տակ։

Չլինելով ֆրանսիացի, նա սիրում էր Փարիզն ավելի, քան իր հայրենիքը և ոչ մի գնով չէր փոխիլ լատինական արվարձանի սրճարանները Աթենքի վճիտ երկնքի հետ։ Նրա իսկական անունն էր Պասյադիա-Մանտոբուլոս: Փորձեցեք արտասանել մի այդպիսի անուն, դուք ևս կատեք այն, ինչպես ատում հր ինքը՝ Մորեասը։ Սակայն սա դավաճան չէր և ոչ ռենեգատ։ Նա երկրպագում էր իր հայրենիքի անցյալ փառքին… Գեղար