Ազգամոլության սնոտի զգացումը չէ, որ թելադրում է ինձ այս կոչը, այլ անկախ և անկողմնապահ
սերը դեպի գեղարվեստը։ Ես միշտ դեմ եմ եղել կասկածելի հայ քանքարներին ազգասիրաբար պաշտպանելու գաղափարին և տեղն եկած ժամանակ չեմ տատանվելու հարվածել այն արկածախնդիր անհատներին, որոնք այս կամ այն գեղեցիկ արվեստը մուրացկանության միջոց դարձնելով իրենց ապարդյուն գոյությամբ արատավորել են և արատավորում են հայազգի անունն օտարների շրջանում։ Ւմ կարծիքով չկա ավելի վնասակար երևույթ, քան այդ բախտախնդիրների գոյությունը, և չկա ավելի ատելի գործ, քան հանուն ազգասիրության անքանքար «արտիստներին» պաշտպանելը։
Բայց, միևնույն ժամանակ, չկա ավելի դատապարտելի գործ, քան պարզ արտահայտված, ապացուցված հայ տաղանդներին անուշադիր թողնելը։Այսպիսի մի տաղանդ է այն նկարիչը, որի ապոդա ցուցահանդեսի վրա պոլսաբնակ հայրենակիցներիս բարեհաճ ուշադրությունը դարձնելը ես համարում եմ ինձ համար բարոյական պարտականություն։Պ. Փանոս Թերլեմեզյանը ճանաչված և գնահատված է այն բոլոր շրջաններում, ուր հայտնի է իր վրձնի արտադրություններով։Ցավում եմ, որ ժամանակս չի ներում այդ բեղմնավոր գեղարվեստագետի նկարագիրը լիովին պատկերացնելու ձեզ։Ցավում եմ այն պատճառով, որ այդ մարդու կյանքը վերինաստիճանի հետաքրքրական է, լի իր անվանը պատիվ բերող արձաններով, սրտաշարժ, նույնիսկ շատ տեսակետներով խրատական։ Բավական է, սակայն, ասել, որ այդ շնորհալի նկարիչը մեկն է այն տաճկահայ փախստականներից, որոնցից յուրաքանչյուրի կյանքը մի-մի ողբերգություն է, արժանի Շեքսպիրի գրչին։Սուլթան Համիդի բռնակալության ամենասոսկալի միջոցին հայրենիքից փախչելով, Թերլեմեզյանը տասնհինգ տարի շարունակ կրում է «քաղաքական հանցավոր» ճանաչված տարաբախտ տաճկահայ գաղթականի բոլոր տառապանքները,որոնք ձեզ շատ լավ են հայտնի, որպեսզի ես նկարագրեմ