Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլուխ է բերել այդ գործը, ոչ միայն վարում է նրան տարիների ընթացքում, այլև վարում է հմտությամբ և տաղանդով։

Հետևաբար այդ տեսակ օրինակելի գործունեության՝ այն բուռն սերը, որ նա հղացրել, զարգացրել և վառ պահպանում է Թիֆլիսի հայ ժողովրդի մի ահագին հատվածի մեջ։ Հայ ներկայացումներին Զուբալովի անվան ժողովրդական թատրոնը միշտ լի է ծայրեիծայր հանդիսականներով։ Երբեմն տոմսակները սպառվում են ներկայացումներից մի քանի օր առաջ։

Կարո՞ղ է լինել ավելի զորեղ ապացույց, թե որքան ապահովված է մի գործի աջողությունը, երբ նրա գլուխը կանգնած են ընդունակ մարդիկ։ Կարո՞ղ է, միևնույն ժամանակ, լինել ավելի կենդանի ապացույց, թե՞ որքան հայ ժողովուրդը մեծ կարիք ունի անկեղծությամբ և անշահասիրությամբ տարվող հասարակական գործերի։

Եվ մի՞թե մեր Խիկար իմաստունները ավելի օգտակար գործադրած չէին լինի իրենց բութ գրիչները, եթե լինեին այդ տեսակ երևույթների լոկ արձանագրողները, քան ծտերին բազեների տեղ վաճառեին մեզ, ինչպես այդ արին նրանք նորերս, գովելով ու փառաբանելով մի դեռատի աղջկա մանկական թոթովանքը և խելքից հանելով խեղճ որբին։

Այո, դա մի վերին աստիճանի օգտակար ձեռնարկություն է՝ ժողովրդական ներկայացումների կազմակերպությունը։ Եվ ով այդ ձեռնարկության կաջակցե նյութապես կամ բարոյապես, մեր լավագույն գործերից մեկը կլինի կատարած։

Օգտակար է նա կրկնակի. առաջինը՝ նա հայ թատրոնի համար ժողովրդի միջից դուրս է բերում հանդիսականների նորանոր բազմություններ, երկրորդ՝ նույն թատրոնի համար պատրաստում է բեմական ուժեր։ Նա մի տեսակ դպրոց է, որ մի դռներից բաց է թողնում բարոյապես և մտավորապես որոշ աստիճանի կրթված քաղաքացիներ, մյուս դռներից ապագա ուսուցիչներ նույն քաղաքացիների համար։ Եվ հայ թատրոնը, առանձնապես, Թիֆլիսի Հայ Դրամատիկական Ընկերությունը պետք է երախտապարտ լինեն Ջուբալովյան ժողովրդական տան հայ դրամատիկական սեկցիային։