Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս տողերը ես գրում եմ վերջին ներկայացման տպավորության տակ։ Խոսքս հարկավ պիեսայի մասին չէ։ «Երկու որբը» ֆրանսիական այն հին մելոդրամներից է, որոնք որքան տաղտկալի են նրբազգաց հանդիսականների համար, նույնքան, դժբախտաբար, անխուսափելի, նույնիսկ կարևոր են թատրոնին՝ անպատրաստ ամբոխի համար։ Այո, այդ մելոդրամները գրգռում են մեր ներվերը իրանց անբնականությամբ և շինծուությամբ, բայց նրանք ունեն և միշտ էլ ունենալու են իրանց կարևորությունը հասարակ ժողովրդին թատրոն գրավելու համար:Եվ ես, միանգամայն անարդար եմ համարում հայ ռեցենզենտների անվերջ հարձակումները նրանց վրա։

Խաղացվեց «Երկու որբ» մելոդրաման այնպիսի անսամբլով, որ շատ քիչ անգամ եմ տեսել մեր իսկական բեմի վրա։ Չպիտի մոռանալ, որ խաղացողների մեծ մասը սիրողներ են։ Եվ այդ «սիրողները», ինչպես պ. Հարությունյանը, Երկրորդ ազնվականների գերերում իրենց խաղով ավելի են արժանի «արտիստկոչվելու», քան շատերը, որոնց այցետոմսերը զարդարված են այդ անունով։ Խոսե՞լ արդյոք պ. Փիրումյանի բարեխիղճ խաղի, մասին, քանի որ նա է սեկցիայի հոդին։ Նա է գործի լավագույն մասն այնպիսի սիրով և եռանդով վարողը պ. պ. Գ. Երիցյանի և Ստամբոլցյանի հետ հավասար։ Իսկ տիկին Մանուչարյա՞նը, որ այնպիսի ձիրքով և հանդիսականներին արտասվեցնելու չափ ոգևորությամբ կատարեց կույր Լուիզայի դերը։ Նա արդեն վաղուց պետք է արժանավոր տեղն ունենար Արտիստական թատրոնում։ Ես ավելորդ եմ համարում խոսել մեր բազմաշխատ, տաղանդավոր տիկ. Վարդուհու, ինչպես և տիկ. տիկ. Արաքսյանի և Հասմիկի մասին, որոնք վաղուց են հայտնի հասարակությանը:Բայց միանգամայն անարդար կլիներ, եթե մոռացության տայի պ. Տեր-Առաքելյանին ոչ միայն Հանրիի դերում, որ այնպիսի կեղծ զգացումով կատարեց, այլև առհասարակ բոլոր իր դերերում։ Այդ երիտասարդը անպայման լավ ապագա ունի։

Վերջերս սեկցիան իբրև ռեժիսյոր հրավիրել