Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շունչը։ Յուրաքանչյուրի դարձվածք նրա մեջ անխուսափելիորեն պիտի արտահայտի որոշ դրություն, միևնույն ժամանակ բարդը պիտի հաջորդի պարզին, զորեղը՝ թույլին։ Յուրաքանչյուր բառ պիտի ունենա իր որոշ տեղը, ինչպես մեքենայի մեջ յուրաքանչյուր վինտը։

Հարկավ, դրաման ևս, ինչպես ամեն մի գեղարվեստական երկ, սիրում է քաղցրահնչուն բառեր. բայց այնտեղ չէ կարելի այդ բառերն անհաշիվ գործածել, վասնզի դրամատուրգը չունե այն ազատությունը, որ ունե վիպասանը կամ ոտանավորներ ու պոեմներ գրողը։ Ահա ինչու այն, ինչ որ կարելի է կարդալ տանը, հաճախ ձանձրալի է լսել բեմից։ Գյոթեի «Ֆաուստտ»-ը մասամբ նրանով է այնքան տաղտկալի, որ նրա մեջ արհամարհված է, ի միջի այլոց, դրամայի և այս պահանջը։ Բանաստեղծը իր պոեմայում կարող է շռայլել որքան կամենա գեղեցիկ բառեր, ես կարող եմ կարդալ նրանց կամ չկարդալ, բայց երբ նա ինձ թատրոն է հրավիրում, պարտավոր է իր լեզուն կրճատել, այլապես ես կհորանջեմ։

Բացի այս բոլորից, դրամայի մեջ յուրաքանչյուր գործող անձ պիտի իր հատուկ ոճն ունենա։ Չի կարելի տգետ գյուղացու կամ բանվորի բերանը դնել այնպիսի բառեր, որոնք միանգամայն խորթ են նրա մտավոր զարգացման մակերևույթին, նրա հոգուն։

Հարկավ, ամեն մի հեղինակ ազատ է գրելու այն ոճով, որ իրան է հատուկ ու սիրելի, բայց կան որոշ պահանջներ, որ բեմը անողոքաբար դնում է յուրաքանչյուր դրամատուրգի առջև։ Առաջին տեղն են բռնում այդ պահանջների մեջ ոճի պարզությունն ու սղությունը։ Որքան հնարավոր է կարճ դարձվածներով արտահայտվել, ահա դրամայի ոճի առաջին պահանջը։

Այս բոլորն աչքի առաջ պիտի ունենան մանավանդ մեր թարգմանիչները։ Մեզանում պիեսներ թարգմանում են աջ ու ձախ ամենքը, և նա՝ ով լեզու գիտե, ոճ չունի, և նա՝ ով ոչ մեկը գիտի, ոչ մյուսն ունի։ Եվ խեղճ հայ դերասանը հաճախ ստիպված է լեզու սովորելու փոխարեն, գիտեցածն էլ մոռանալ, ունեցածն էլ աղավաղել։

Ահա գլխավորապես այս տեսակ թարգմանությունների