Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաճելի է ինձ համար հավատալ պ․ Գ. Լ․-ի ասածին, բայց ինչ մեղքս թաքցնեմ, ես դժվարանում եմ հավատալ, որ նա ճիշտ ըմբռնած լիՆի Ռոդենին և ճիշտ հասկացած Դզելին, այլապ ես նա չէր թույլ տա իրեն այսպիսի մի կտրուկ և, թոՂ ներվի ինձ ասել, հանդուգն դարձվածք. «Ռոդենր ոչ միայն ռեալիստների աստվածը չէ, այլ իսկի էլ ռեալիստ չէ, նա իր ամբողջ հոգով իմպրեսիոնիստ է… ով Ռnդենին ռեալիստ է համարում, նա կամ նրա գործերի թռիչքը չի ըմբռնում, կամ» և այլն։

Հոդվածս չերկարացնելու համար ես այստեղ առաջ չեմ բերի ֆրանսիացի հայտնի գրողների կարծիքը Զոլայից սկըսած մինչև մեր օրերի գրողները, որոնք Ռոդենին մի քիչ ավելի են ճանաչում, քան ես ու պ. Դ. Լ․-ն, և որոնք նրան ռեալիստ են համարում։ Ես ցույց կտամ միայն մի հեղինակավոր աղբյուր, որի առջև, հուսով եմ, կլռե պ. Գ. Լ․֊ի հեղինակությունը։ Դա Լարուսի հանրագիտական բառարանն է։Պր. Գ. Լ.֊ն պիտի գիտենա, որ երբ մի արվեստագետի կամ գրողի անունը մտնում է մի հանրագիտարանի մեջ որոշ ածականով, օրինակ, «ռեալիստ», «ռոմանտիկ», «նատուրալիստ» և այլն, կնշանակե՝ այդ ածականն է քննադատների գնահատման և ընդհանուրի ըմբռնողության գումարը։ Արդ, ես բաց եմ անում ձեռքիս տակ եղած «Petit Larousse»-ը և ահա ինչ եմ կարդում նրա 1559֊րդ երեսում.

Rodin (Auguste), artiste puissant, personnel, realiste.

— Rոդեն (Օգյուստ). արտիստ հզոր, ինքնուրույն և ռեալիստ։

Ռոդենի ռեալիստ լինելն ավելի մանրամասը բացատրված է Լարուսի լիակատար հրատարակության մեջ, որ դժբախտաբար չունեմ ձեռքիս տակ։

Հուսով եմ, որ պ. Գ. Լ.-ն գոնե այնքան համեստ կլինի և այլևս չի ասի, թե Կլոդ Օժե և մի շարք ֆրանսիացի գրագետներ, արվեստագետներ և գիտնականներ «չեն ըմբռնել Ռոդենի գործերի թռիչքը», և միայն ու միմիայն ինքն է որ ըմբռնել է։

Մի քանի խոսք ևս, և իմ ասելիքը Գ. Լ․-ին վերջացած կլինի։

2

Ռեալիզմը նատուրալիզմի հետ շփոթող և երկուսն էլ աղավաղող (ոչ գիտակցաբար, իհարկե) պ. Գ. Լ.-ն կարծում է, որ ռեալիստ գրողները կյանքի երևույթներն ու դեպքերը նկարագրում են իսկ և իսկ այնպես,ինչպես նրանք կատարվում են իրականության մեջ։