Դա մի վերին աստիճանի սխալ ըմբռնումն է ռեալզմի, որ հատուկ է ոչ միայն պ. Գ․Լ․-ին, այլև մեր գրականական առօրյա մշակներից և արհեստավորներից շատ-շատերին։ Մի մեծ սխալ, որ հարկավոր է, վերջապես, գեթ մի անգամ գրել ի սեր անղեկավար և հեգ հայ ընթերցողների, որոնք ամեն մի տպագրված տող ընդունում են իբրև երկնային պատգամ։
Ո՛չ, իսկական ռեալիստը արձանագրողի ճշտությամբ և հավատարմությամբ չի նկարագրում կյանքի երևույթները հազար անգամ ոչ։ Ռեալիստը լուսանկարիչ չէ կամ ստենոգրաֆ, նա նույն չափ հնարագետ է, որչափ մի ռոմանտիկ կամ կլասիկ։ Եթե իսկական ռեալիզմը լիներ սոսկ ստենոգրաֆիա, ապա ամեն մի ցանկացող կարող էր լինել Բալզակ, Ֆլոբեր, Դոդե, Դոստոևսկի, Տոլստոյ, Տուրգենև, Գորկի։ Եվ ամենից առաջ մի երևելի վիպասան կամ դրամատուրգ կդառնար հենց ինքը՝ պ. Գ. Լ․-ն, որ այնքան սիրահար է գեղեցիկ գրականության։
Կյանքի ճշտությունը չէ, որ գրավում ու հափշտակում է ռեալիստ գրողին, այլ ճշմարտությունը։ Անհրաժեշտ և միանգամայն պարտավորական է ռեալիզմը քննադատող յուրաքանչյուրի համար լավ ըմբռնել այս երկու հասկացողությունների տարբերությունը։ Անհրաժեշտ է իմանալ նաև այն, որ իսկական ռեալիստ գրողը իր նկարագրած երևույթի կամ տիպարի մեջ այն սպեցիֆիկ ճշմարտությունը չի տալիս, որ հատուկ է միայն և միմիայն այդ երևույթին կամ տիպարին, այլ այն ճշմարտությունը, որ հավաքական է, այսինքն՝ հատուկ բոլոր համանման երևույթներին ու տիպարներին։ Եվ որքան հեղինակը մասնավորից հեռանալով՝ մոտեցել է հանրականին, այնքան ավելի հասկանալի, ավելի տևողական և ավելի մեծ է նրա երկը։
Բացատրեմ միտքս օրինակներով։ Անշուշտ Դոստոևսկին երբևէ իր կյանքում հանդիպած է մի Մարմելադովի կամ Ռասկոլնիկովի՝ իրականության մեջ։ Բայց նա ճիշտ և ճիշտ այն Մարմելադովին կամ այն Ռասկոլնիկովին չէ նկարագրել, որոնց հանդիպել է, այլ նրանց հավաքականը, այսինքն տիպարը, որ կարելի է հանդիպել ամենուրեք։ Տուրդենևն ասում