Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պռոշյանին, բայց ակամա մի վատ կոմպլիմենտ է ասել, և «Ցեցեր»-ը ապացուցանում են ասողի դիտողության ճշմարտությունր։ Արդարև «գրելացավ» պիտի ունենա մի մարդ, որ 336 տպագրական էջերը 45 օրում։ Այդքան ժամանակում մի այդպիսի դիրք հազիվ արտագրել կարող է մի ճարպիկ գրագիր։ Եվ պ. Պռոշյանը չէ գրել, չէ ստեղծագործել յուր «Ցեցեր»-ր, այլ արտագրել է...

Դիմենք փաստերին. Վեպը, եթե ընդունինք նորան իբրև գեղարվեստական արտադրություն, իսկ մենք միայն այս տեսակետից ենք նայում «Ցեցեր»֊ի վրա, մեր խորին համոզմունքով, ի թիվս այլևայլ պայմանների, պետք է պահպանի և մի պայման, որ իսկապես բաղկացած է երկու համանման տարրերից։ Նախ՝ նորա բոլոր մասերը պետք է լիակատար լինին, չլինի ոչ պակասորդ, ոչ ավելորդ, և երկրորդ՝ այդ մասերի մեջ պիտի լինի մի ընդհանուր կապ, մի միացուցիչ հոդավորություն։ Մի քանի տեսարանների, կամ տիպերի վատ նկարագրությունը կարող է պակաս կամ առավել տգեղություն պատճառել գրվածքի ամբողջությանը, թեկուզ նորա մյուս մասերը հաջող լինին։

Այս մեկ։ Այնուհետև՝ բավական չէ, եթե այդ մասերը առանձին֊առանձին վերցրած լավ են։ Նորա պետք է կապված չինին միմյանց հետ իրանց հարմար կապով։ Եվ այդ կապը որքան պարզ է, որքան ամուր է, որքան կանոնավոր է, նույնքան ամբողջության արժանավորությունը բարձր է։ Այդ կապն է, որ մասերից մի շինվածք է գոյացնում, նա է նույնպես ամբողջ շինվածքի միությունը կազմող գլխավոր տարրը։

Մեր բացատրությունը շատ վերացական կարող է համարվել ընթերցողի կողմից, եթե չդիմենք մի պարզ համեմատության։ Փույթ չէ, թե մեր համեմատությունը կարող է շատերին կոպիտ թվալ, բայց նա ճիշտ է և ավելի լավ կարող է պարզել մեր միտքը։ Վերցնենք մի ճարտարապետական շինություն կամ մի հասարակ տուն։ Այդ տունը ձեր աչքի առջև յուր պատրաստի դրությամբ ներկայացնում է մի ամբողջություն, բայց նա բաղկացած է մասերից՝ պատերից, առաստաղից, հատակից, կտուրից և այլն։ Պատերի մեջ շինված են պատուհաններ, դռներ, պատշգամբներ։ Ամեն մի մասն յուր տեղն