Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պի այն գլուխները, որ նվիրված են այս ցեցի և Բալասան աղա ցեցապետի նկարագրությանը, շատ և շատ հետաքրքրական են։ Այնուհետև դարձյալ գալիս են բազմաթիվ էջեր, միանգամայն ավելորդ և անգույն, օրինակ՝ այն գլուխը, որ կրում է «Երեսփոխան» վերնագիրը, բացի վերջին կտորներից, և այն էջերը, ուր Բալասան աղան նաչալնիկին պատմում է յուր եղբոր մասին։ Այս պատմությունը հեղինակը ինքն էլ «երկար ու ձիգ» է համարում (եր. 218), այնքան երկար, որ շատ խոսելուց Բալասանի «կատիկը չորանում է» (219) և կինը նորան հրավիրում է մի «կթղա օղիով թաց անել կոկորդը» (219)։

Մենք մտադրություն չունինք բոլոր ցեցերի մասին մի առ մի խոսելու։ Այդ մեզանից շատ ժամանակ կխլեր։ Դառնանք վեպին և ամփոփենք մեր ասելիքը նորա մասին։

Պ․ Պռոշյանը սիրում է մանրամասնություններ, բայց երբեմն մոռանում է ամենակարևորը և էականը։ Ռեալականություն ասած բանը պ. Պռոշյանը շատ սխալ է հասկանում։ Նա կարծում է, որ մի երևույթի բնավորությունը պատկերացնելու համար բավական է վերցնել այդ երևույթը յուր բոլոր մանրամասնություններով նկարագրել։ Ահա ինչու անցյալ անգամ ասացինք, որ նա յուր «Ցեցեր»֊ը արտագրել է, այսինքն՝ արտագրել է… կյանքից։

Ոչ ամենևին, այդ մի կոպիտ սխալ է։ Եթե ամեն կյանքից բառացի նկարագրած բան գեղարվեստ ընդունվեր, ոստիկանական և դատարանական պրոտոկոլները ամենահաջող վեպերը կհամարվեին։ Չէ որ այդ պրոտոկոլների մեջ ամեն ինչ բառ առ բառ արձանագրվում է կյանքից։

Ուսումնասիրիր երևույթը, գտիր նորա պատճառները և ընդհանուր օրենքը, ընդհանուր կապը, բոլոր ուժերդ գործ դիր այդ ընդհանուր օրենքների և կապի վրա, թեկուզ մի մտնիր մանրամասնությունների մեջ, և մենք կհասկանանք, թե ինչ ես ուզում ասել։ Այս ընդհանուր կապն այն է, ինչ որ ֆրանսիացի փիլիսոփա-քննադատ Ի․ Տենը անվանում է «մասերի փոխադարձ առնչություն և փոխադարձ ստորագրություն»։ Եթե չես հետևում այս պայմանին, դու գեղարվեստի պաշտոնյա չես, դու մի հասարակ ֆոտոգրաֆ ես, այն էլ մի ֆոտոգրաֆ, որ կտոր-կտոր այս ու այն մասերը նկարելով, մոռանում է