մնում է իբրև մի վերացական գաղափար, որի մասին ներելի է երկար խոսել և որով կարելի է ոգևորվել, առանց հետամուտ լինելու իրականությանը։
Կ. Պոլսի մամուլի այդ աններելի անփութության մասին առաջին անգամ չէ, որ խոսում ենք։ Ռուսահայ լրագրությունը միշտ կրկնել է ժողովրդի կյանքի ուսումնասիրության անհրաժեշտությունը, կծու խոսքերով հանդիմանելով պոլսեցիներին,բայց ապարդյուն։ Կ․ Պոլսի մամուլը շարունակում է յուր սխալ ընթացքը, միշտ մնալով անտարբեր ժողուվրդի կյանքի վերաբերմամբ։ Մեր մամուլը նորա այս թերության պատճառը համարում է այն, որ տաճկահայ գործիչները բուն ժողովրդի մեջ չեն ապրում, հեռու են Հայաստանի կենտրոնից։ Բոսֆորի ափերից անկարելի է վերահասու լինել Փոքր Ասիայի ներքին կյանքին, ժողովրդի անունով խոսողը և գործողը պետք է ժողովրդից հեռու շլինի, մոտիկից ծանոթանա նորա վիճակին, ապրելով նորա մեջ։ Այս է հասարակ և ընդհանուր խոսքերով մեր մամուլի պատճառաբանությունը։
Սկզբունքով այս միտքը շատ ճշմարիտ է. Կ․ Պոլիսը չէ կարող տաճկահայերի գործիչների համար հարմար կենտրոն համարվել, ինչպես և, մեր կարծիքով, Թիֆլիզը՝ կովկասյան հայերի համար։ Երկուսը ևս հեռու են բուն հայ երկրից, և երկուսի մեջ ևս հայ ինտելիգենցիան մի տեսակ արվեստական գիրք ունի։ Սակայն խնդիրը հանգամանքներից է կախված տնտեսական և քաղաքական պայմանները այնպես են բարդվել, որ կամա ակամա պիտի հաշտվենք ներկա իրողության հետ։
Բայց քանի որ այդպես է, մի՞թե բնավ անհնարին է հեռավոր կենտրոններից թե′ ուսումնասիրել ժողովրդի կյանքը ե թե′ ազդել նորա վրա։ -Կարծում ենք, ոչ լիովին։ Մեր համոզմունքով, գլխավոր պակասությունը պետք է որոնել առաջնորդող դասակարգի գործունեության ուղղության մեջ։ Պոլսեցի գործիչների ուղղությունը այնպես է, որ նոքա նույնիսկ Հայաստանի սրտումն էլ եթե ապրեն, չեն զգալ այդ սրտի բաբախումը։ Այնտեղ ևս նոքա, թողնելով կյանքը, իրականությունը, կշարունակեն «երկնից համաստեղությանը ներբողներ ձոնել»։ Ապացույց ձեզ այն հանգամանքը, որ մինչև այսօր