Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չգիտենք, թե Կ. Պոլսի մոտ երեք հարյուր հազար հայերի վիճակն ի՞նչ է։ Երեք հարյուր հազար մա՜րդ, չէ՞ որ դա ինքնստինքյան լուրջ ուշադրության արժանի մի մեծ աշխարհ է, որ կարող է հարուստ նյութ մատակարարել հետաքրքիր ուսումնասիրողին։ Պոլսեցիները այդ էլ չեն անում։

Այս բոլորը աչքի առաջ ունենալով, չի կարելի չխրախուսել գեթ մի ռուսահայ մարդու, որ հանձն է առել մասամբ լրացնել մեր գրականության խոշոր թերությունը - տալ ճիշտ տեղեկություններ Տաճկահայաստանի մասին։ Եվ ահա «Արաքս»-ը յուր վերջին հատորում տպել է այս մասին մի քանի հետաքրքրական հոդվածներ, որ արժանի են ուշադրության։ «Եվդոկիա», «Հռոմկլա» և «Մարաշ» պարունակում են իրանը մեջ Տաճկահայաստանի մի քանի գավառների բուսականության, բերքերի, ժողովրդի բարք ու վարքի, սովորությունների և ընտանեկան կացության մասին ուսումնասիրելու նյութեր։ Բավական հետաքրքրական են նույնպես և «Այնթափի հայոց հին սովորությունները», հետո՝ «Կիլիկիո ժողովրդական աղոթքներն ու անեծքները» և «Հաճընո լեզուն»։ Սակայն ափսոս, որ այս բոլոր հոդվածները գրված են առանց որևէ սիստեմի, հատ ու կտոր և թերի, ուստի և մի ամփոփ տպավորություն չեն անում ընթերցողի վրա։ Տեղ-տեղ նոցա հեղինակները մոռանում են կարևորը և ուշադրություն են դարձնում մանր-մունր բաների վրա։ Մի քանիսը, օրինակ, «Եվդոկիա» և «Հռոմկլա», կիսատ են գրված, կարծես, գրողները գրել են, գրել և, ի վերջո, ձանձրանալով, ընդհատել ամենահետաքրքրական տեղում։ Բացի ներքին կապից, հոդվածները չունեն և արտաքին խմբագրական մի որոշ ուղղություն, երևում է, բոլորը պատահական թղթակցություններ են, որ «Արաքս»֊ի խմբագիրը ստանալով տպել է անխտիր, անկանոն, առանց նոցա մեջ մի կապ պահելու։

Այս թերություններով հանդերձ՝ «Արաքս»-ի այդ բաժինը, որ «Տեղագրական» անուն է կրում, համեմատաբար Հարուստ է։

Կենսագրական բաժնում ուշադրության արժանի է «Խելոք Կարապետը», - մի զեյթունցի հասարակ հայ հնարագետի կենսագրությունը։