այսպես է աշխարհիս բանը։ Ձեր ի՞նչն է պակաս, ասեք տեսնեմ, փող, խելք, առողջություն, ազատ ապրուստ, դո՞ւք էլ եք տխրում։ Բաս վա՛յ ինձ նմաններին,— ավելացրեց նա, խորին հառաչելով։
— Դու ամենաբախտավոր մարդն ես։
— Ե՞ս...
— Բախտավոր ես, որ հոգս ու ցավ չունես։ Ետ գնանք, այս մարդկանց երեսը հազար անգամ տեսել եմ և ձանձրացել։
Նրանք մտան դահլիճ։ Եվրոպական պարերը առ ժամանակ ընդհատվել էին։ Խուռն բազմությունը կազմել էր մի փոքրիկ շրջան, ուր ցանկացողները պիտի ասիական պարեր պարեին։
Երաժիշտները նվագում էին, թմբկահարը բարակ ձողերով ուժգին զարկում էր թմբուկի չորացած կաշվին, երգիչը — գահիրեին, հանդիսականները ծափահարում էին, ասպարեզում պարող չկար։
Հանկարծ խրոխտ քայլերով մեջ մտավ մի բարձրահասակ, գեղեցիկ կերպարանքով վրացի երիտասարդ իշխանազն յուր ազգային մետաքսյա բազմերանգ հագուստով։ Դա հայտնի էր Թիֆլիսում իբրև ամենալավ պարիչ։ Ծափերը ավելի սաստկացան։ Իշխանազնը յուր նուրբ, մետաքսից կարած, ծայրերը սուր և կրունկները բարձր մաշիկները դահլիճի ողորկ հատակին քսելով, սահեց առաջ։ Ամբոխը ետ ու ետ քաշվեց, ասպարեզը լայնացավ։ Իշխանազնը մի պտույտ գործեց, մոտեցավ, մեջքից թեքվեց և մորթե կարճլիկ գդակը ձեռին բռնած, գլուխ տվեց մի հայ օրիորդի։
— Բրա՛վո, բրա՛վո,— գոչեցին միաբերան այս ու այն կողմից, որոնց թվում ամենից բարձր մոսիո Վախվախյանը։
Օրիորդը գլխով բացասական նշան արավ։ Ցանկանում էր նա պարել, պետք է խնդրեին, և խնդրեցին, այսինքն մի քանի չափահաս տեղացի կանայք բոթեցին նրան և ուժով ներս մղեցին։
Քանի մի վայրկյան իշխանազնը և օրիորդը հուշիկ քայլերով պտտեցին այս կողմ, այն կողմ, առաջ եկան, ետ քաշվեցին, շուռ եկան դեպի հետ, սկսվեց Դաղստանի պարերից