Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տխրություն զգացի։ Կարծես, ինձ մի բան պակասեց։ Դիլիջանում նրան հանդիպելով, չկարողացա ուրախությունս թաքցնել։ Դու նկատեցիր։ Մի՛ հարցնիլ, թե ինչպես նա օրից-օր գրավեց ինձ, մի՛ հարցնիլ, ես ինքս էլ չգիտեմ։ Առաջ նա ինձ հետ սառն էր. ես տանջվում էի, ես վիրավորվում էի, միևնույն ժամանակ, սրտով ավելի ու ավելի մոտենում էի նրան։ Ես չէի հուսահատվում, զգում էի, որ նա ինձ սիրում է, իսկ ես… Օօօ, եթե իմանայիր ինչքան գրավիչ էր մանավանդ այն ժամանակ, երբ վիճում էր քեզ հետ։ Ես ագահությամբ էի լսում նրա ասածները։ Ինձ թվում էր, որ նրա նման մի ուրիշ մահկանացու չկա ոչ խելքով, ոչ սրտով, ոչ զարգացումով և ոչ յուր արտաքին տեսքով։ Նրա շարժվածքը, նրա ձայնը, մինչև անգամ հագուստը ինձ համար մի առանձին հրապույր ուներ…

— Ահա մի մարդ,— շարունակեց Մարիամը, մի վայրկյան լռելուց հետո,— ահա մի մարդ, ասում էի ինքս ինձ, որ կարող է սիրել այնպես, ինչպես հարկավոր է, ինչպես ես եմ երևակայում, սիրել ամբողջ սրտով, անհաշիվ սիրով։ Նրա անցյալը, նրա կյանքի դժվար պայմանները, ինձ թվում էր, որ երաշխավոր կարող են լինել նրա հավատարմության։ Ես ասում էի, նա չի խաբիլ ոչ ինքն իրան, ոչ ուրիշին, ոչ մանավանդ ինձ… Նա րոպեի մարդ չէ, նա շուտ ոգևորվող և շուտ սառչողներից չէ, երբ հափշտակվեց, երբ սիրեց, կմնա հավատարիմ։ Այսպես էի մտածում նրա մասին։ Շատ կարելի է ես չհավատայի ինքս ինձ, իմ զգացմունքներիս, եթե չտեսնեի նրա կողմից խրախուսանք։ Լսո՞ւմ ես, Ռուբեն, նա երդվել է ինձ սիրել հավիտյան, այո, շատ անգամ, շատ անգամ…

Ռուբենը ակամա մի ցնցումն զգաց։ Այլևս ավելորդ էին Մարիամի խոսքերը։ Պարզվեց այն հանգամանքը, որի մասին թեև կասկածում էր, բայց համոզված չէր — բժիշկը սիրո խոստումն է արել։

— Իսկ այժմ, ա՜յժմ,— կրկնեց Մարիամը, երեսը կսկիծից թե ամոթից ծածկելով,— ես տեսնում եմ, որ խաբված եմ։

Նրա դժգունացած շրթունքները աշնանային տերևների