Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պես դողում էին, նա ցնցվում էր ամբողջ մարմնով։ Նա մի անգամ ևս ճիգն արավ իրան զսպելու, սակայն իզուր... Նրա թուլացած գլուխը թեքվեց սեղանին, և լսվեց մի խուլ, խեղդուկ հեծկլտանք։

Եվ Ռուբենի ոչ մի մխիթարական խոսքը չամոքեց նրա վշտաբեկ սիրտը, և Ռուբենի ոչ մի հորդորը չդադարեցրեց նրա արտասուքը: Սիրտը դառնությամբ լի երիտասարդը մերթ համոզում էր, մերթ խնդրում, ձգտելով շարժել քրոջ սառն խոհականությունը, որ այդ րոպեին թմրել էր բուռն զգացումների ճնշման ներքո։ Նա ինքն իրան մեղավոր էր զգում Մարիամի առաջ։ — Չէ՞ որ նա խրախուսել է յուր քրոջ սիրույն, չէ՞ որ նրա գովասանքները ազդել են կուսական անարատ սրտի վրա։ Ի՞նչ, միթե նա սխալվո՞ւմ էր։ Մի՞թե Մելիք-Բարսեղյանի մասին նա ծուռ և սխալ գաղափար է ունեցել տասներկու տարի շարունակ։ Մի՞թե նա այդքան միամիտ, կույր և դյուրահավատ է եղել։ Ոչ, դժվար է, դժվար է հավատալ այդ մարդու անազնվությանը, դժվար է, անկարելի է, վերջապես դառն է։ Իսկ եթե ճիշտ է, եթե Մելիք-Բարսեղյանր մի անսիրտ, անգութ, մի եսամոլ մարդ է։ Եթե նա մինչև այսօր դիմակ է ունեցել երեսին։ Եթե Մարիամը չի կարող մոռանալ նրան, ատել, արհամարհել։ Այն ժամանա՞կ...


IX


Հակառակ Ռուբենի սպասածին, հետևյալ օրը Մարիամը ավելի հանգիստ էր երևում, քան երբևէ եղել էր վերջին դեպքերից հետո։ Առօրյա պարապմունքը նա սկսեց մի առանձին եռանդով։ Չայի ժամանակ ասաց Ռուբենին, թե տնային տնտեսությունը նրան չի բավականացնում, թե ցանկունում է մի ուրիշ գործով էլ պարապվել։

— Ի՞նչ գործով,— հարցրեց Ռուբենը։

— Կար կարելով։

— Դո՞ւ, կար կարելո՞վ։

— Այո՛, ի՞նչ զարմանալի բան կա։

— Ոչինչ: Բայց դու չգիտես կարել, դու ասեղ բանեցնել անգամ չգիտես։