ամենանուրբ, ամենացավագար թելը շարժելու համար։ Անփորձ երիտասարդ. նա այնքան լավ էր տրամադրված, որ պատրաստ էր պաշտպանել ամենին, նույնիսկ յուր կատաղի թշնամուն։— Պաշտպանել լոկ մարդասիրությունից դրդված, առանց որոշ նպատակի, լոկ րոպեի ազդեցության տակ։
Այնինչ՝ բնազդումը ասում էր Մարիամին, որ Հալաբյանի վարմունքը առանց նպատակի չէ։ Թե ինչ էր այդ նպատակը, նա պարզ չգիտեր, կամ գուցե չէր ուզում գիտենալ։
Կրկին Մելիք-Բարսեղյանը գրավեց նրա ուղեղն ու սիրտը, կրկին բուռն զորությամբ զարթնեց նրա դառն, անամոքելի վիշտը։ Ինչո՞ւ իզուր պիտի ինքն իրան խաբի, ինչո՞ւ, քանի որ սիրտն ասում է, թե նա դժբախտ է, թե նա մոռացված է, արհամարհված, թե այլևս չպիտի վերականգնի նրա խորտակված երջանկությունը, որ այնքան կարճ տևեց։— Կարճ, որպես մի անցողիկ երազ, որպես մի քաղցր, թռուցիկ ցնորք…
Զգայուն, նրբացած, հիվանդության աստիճանին հասած սիրտը անհուն դառնությամբ լեցուն, օրիորդը այդ գիշեր երկար ժամանակ անքուն պտտում էր անկողնի մեջ։ Մերթ նա ձգտում էր ինքն իրան խաբել տկար հույսերով, ստեղծում էր անթիվ պատճառներ բժշկի սառնությունը նպաստավոր կերպով բացատրելու համար։ Մերթ ինքն այդ պատճառները երևակայական, նույնիսկ անբնական համարելով, հերքում էր, յուր թեթևամտության դեմ վրդովվելով։ Եվ կրկին անձնատուր լինելով յուր սրտի անողոք ձայնին, աշխատում էր հեռու վանել այն չարագուշակ պատկերը, որ հալածում էր նրան գիշեր ու ցերեկ, որ պղտորում էր նրա երևակայությունը։ Ահա՛ նա, այդ պատկերը, որ հետևում է նրան ամեն տեղ, ամեն րոպե, քայլ առ քայլ։ Նա շրջում է, խոսում է, նրա շնչառությամբ է լի այդ ննջարանը, նրա ոգին է տիրում այստեղ, այս սենյակում։ Մարիամը զգում էր այդ սառն, անմատչելի, միևնույն ժամանակ կաշկանդող պատկերի անխուսափելի ուժը։
Ինչո՞ւ չի հեռանում նրա աչքից, եթե չի կամենում, մոտենալ, ինչո՞ւ այնպես կեղեքում է նրա սիրտը։ Պետք է