տղամարդ է, ես սիրահարվեցի բոլորովին։ Այստեղ տոթ է, մամա, գնանք այգի, — դարձավ նա յուր մորը և, բռնելով վերջինի թևից, շարունակեց խոսել Հալաբյանի հետ։
Մոսիո Վախվախյանը, հեռվից բարևելով, չհամարձակի վեց մոտենալ և ակամա հեռացավ Հալաբյանից։ Ամուրին խուռն բազմության միջով հետևեց յուր ծանոթ դամերին և կրկին դուրս եկավ նրանց հետ այգի։
Տիկին Սոփիոն նիհար, դեմքի մանր գծերով, միջահասակ, եռանդուն բերանով, ալեխառն մազերով հիսուն տարեկան մի կին էր տեղական հագուստով։ Նրա քայլվածքր, ծանր շարժվածքը, արհամարհական հայացքը արտահայտում էին մի անընկճելի գոռոզություն։ Նույն գոռոզությունն երևում էր և նրա դստեր, Նատալիայի, դեմքի վրա, միայն ավելի մեղմ, շնորհիվ երիտասարդ տարիներին։ Այդ միջին հասակով, բարակ կազմվածքով, մոտ քսան և ութ տարեկան աղջիկը յուր մոր համապատկերն էր ներկայացնում։ Աչքերը փոքրիկ, կապուտակ, շրթունքը սեղմված, քինթը ուղղագիծ, սրածայր, ճակատը տափարակ, սև-սև խիտ հոնքերը քնթի արմատի մոտ միախառնված, կարմրախայտ այտերը նիհար, ծնոտը փոքր-ինչ դուրս ցցված, մազերը ագռավի փետուրի պես սիփ-սև — ահա Նատալիայի կերպարանքը։ Կորսեի մեջ ամուր սեղմված մեջքը այնչափ բարակ էր, որ, կարծես, կարելի էր երկու ձեռի մատների ծայրերով գոտևորել նրան։ Մուգ-կարմրագույն հագուստը ծայրե ի ծայր սքողված էր նուրբ ծաղկանկար մետաքսյա հյուսվածքով։ Մորենագույն թավշյա ուսնոցակը, թևավորելով կոները մինչև արմունկները, ծածկում էր նրա թիկունքը և կրծքի մի մասը։ Ահագին սպիտակ փետուրով զարդարված բաց-դեղնագույն գլխարկի լայն եզրը, աջ կողմից դեպի վեր ծռված, տեսանելի էր կացուցանում նրա գլխի մի մասը, նեղ ճակատը և հարթ ու տափարակ քոնքը։
— Շատերը ինձ նախատում են, թե ինչու շատ քիչ եմ գալիս ժողովարան,— խոսում էր նա Հալաբյանի հետ, — ասացեք խնդրեմ, ի՛նչ կա այստեղ։ Նայեցեք այս մեկի հագուստին, նայեցեք այն մյուսի գնացքին և, վերջապես, այդ դեմքերը… ֆի՜... ափսոս չէ «Կրուժոկի» հասարակությունը։