Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դիփ քարվանսարի բազազների աղջկերքն են ու կնիկները,— հարեց տիկին Սոփիոն, շրթունքը արհամարհանքով ծռելով։

— Ափսոս Մարոն այստեղ չի,— շարունակեց Նատալիան,— որ այդ անհայտ երիտասարդներից մեկի հետ երկար ու բարակ խոսեր։

Նա ցույց տվեց մի խումբ համալսարանական ուսանողների, որ նստած էին ճեմելիի նստարաններից մեկի վրա։ Մարո անունը, կարծես, սթափեցրեց Հալաբյանին, որ մինչև այդ վայրկյան լուռ լսում էր մոր և դստեր պարսավանքը հանդիսականներին։

— Օրիորդ Մարիա՞մը,— ասաց նա հետաքրքրված,— ե՞րբ կգա։

— Ով գիտե, նա Դիլիջանը խիստ է հավանել, կգա՜ շուտով, թե՜ չէ,— պատասխանեց Նատալիան, ըստ երևույթին ակամա։

— Ինչո՞ւ համար էիք հարցնում,— հարցրեց տիկին Սոփիոն Հալաբյանին։

— Հենց այնպես,— պատասխանեց Հալաբյանը, տեսնելով, որ յուր հարցը դուր չեկավ ո՛չ օրիորդին, ո՛չ տիկնոջը։ Նրանք կրկին վերադարձան ռոտոնդա, և այստեղ Հալաբյանը, ներում խնդրելով տիկնոջից և օրիորդից, հեռացավ։ Նա մոտեցավ մի վաճառականի, մի քանի վայրկյան խոսեց, հետո մոտեցավ մի իրավաբանի, հետո մի բժշկի։ Ոչ ոքի հետ նա երկար չէր խոսում։ Առհասարակ նրա տրամադրությունը սովորականը չէր։

— Ի՜նչ տխուր է այս երեկո,— ասաց նա, թախծությամբ լի հայացքով նայելով զբոսնող բազմությանը։

Տասն ու վեց տարի էր, որ Հալաբյանը այցելում էր այդ ժողովարանը, և այդ երկար տարիների րնթացքում հասարակական զվարճարանը քառասուն ու երեքամյա ամուրիի համար դարձել էր մի տեսակ ընտանիք։ Այստեղ էր նա, ցերեկվա աշխատանքից հետո, երեկոները հանգստություն վայելում։ Գալիս էր միևնույն ժամին, գնում էր միևնույն ժամին։ Ձմեռը ժողովարանի տան պայծառ լուսավորված րնդարձակ սենյակները, ամառը նրա այգու միակ ճեմելին, միևնույն