Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակությունը, կանաչ սեղանների մոտ նստած միևնույն քնահարբ դեմքերը, ուռած ալքերը, այս ու այն կողմ պտտող ծույլ և համառ սպասավորները, բոլորը, բոլորը նրան այնքան ծանոթ էին, որքան յուր բնակարանի կահ-կարասին, յուր վրայի հագուստը։ Տարբերությունն այն էր, որ կահ-կարասին և հագուստը հնանալիս նա փոխում էր, այնինչ ժողովարանը նրա աչքում մնում էր անփոփոխ։ Եվ եթե որևէ նորմուծություն լինում էր, եթե երևում էին նոր դեմքեր, շուտով ձուլվում ու միանում էին հների հետ, և նա դարձյալ տեսնում էր մի տաղտկալի ամբողջություն։ Տաղտկալի և միևնույն ժամանակ այնքան ընտանի մի շրջան, որից բաժանվելը նրա համար կնշանակեր բաժանվել յուր կյանքի մի բնական մասից, զրկվել գոյության մի անհրաժեշտ տարրից։

Բայց երբեք նա այնքան ձանձրացած չէր, որքան այդ երեկո։ Ի՞նչ էր պատճառը — ինքն էլ տակավին չէր կարողանում որոշել։ Մի բան պարզ էր, որ նրա տխրությունը սկսվեց ժողովարան գալուց մի քանի ժամ առաջ։ Իրիկնադեմ էր. նա կանգնած էր յուր տան առաջ, փողոցի անկյունում և խորհում էր, թե ուր և ինչպես անցկացնի երեկոն, որ ավելի զվարճալի լինի։ Այդ րոպեին հանկարծ նրա առաջով անցավ այն հասարակական կառքերից մինը, որ բանում են քաղաքի և մոտակա ամառանոցների միջև։ Կառքի մեջ նստած էր մի մարդ յուր կնոջ և բազմաթիվ երեխաների հետ, որ ամառանոցից վերադառնում էին քաղաք։ Հալաբյանը նայեց սլացող կառքին, լսեց երկու մանուկների և մի փոքրիկ աղջկա ուրախ քրքիջը, և հանկարծ մի անորոշ զգացում համակեց նրա սիրտը։ Նրան տիրեց մի թախծություն։ Օրը մթնեց, այս թախծությունն ավելի սաստկացավ, իսկ ականջում դեռ հնչում էր ուրախ ընտանիքի քրքիջը։

Եվ այս տրամադրությամբ նա եկավ ժողովարան։ Նա ախորժակ չուներ ոչ թուղթ խաղալու, ոչ ընթերցարան ում երգիծաբանական թերթերով յուր միտքը զբաղեցնելու և ոչ երաժշտությամբ զվարճանալու։ Նա այնքան տխուր էր, որ կամեցավ դուրս գալ ժողովարանից սովորական պահից երեք ժամ առաջ։ Նա արդեն քայլերը ուղղել էր դեպի դուրս, երբ