ժամ առաջ իմ ընկերների հետ։ Տեր աստված, ի՜նչպես մարդիկ փոխվում են և ի՜նչպես շուտ։ Ես չեմ ճանաչում իմ նախկին ընկերներին, բոլորը փոխվել են, բոլորը մանրացել են, բոլորի խոսակցության նյութը այժմ կանայք են, իրանց պաշտոնները, իրանց զվարճությունը — ուրիշ ոչինչ։ Որքան հիմար դրության մեջ դրեցի ինձ, խոսելով նրանց հետ այն առարկաների մասին, որ մեզ ոգևորում էին։ Դու պետք է լսես, թե ինչպես նրանք միմյանց ծաղրում են, քննում, քննադատում, բամբասում։ Ահա հենց այդ բանի մասին էի վիճում նրանց հետ մի փոքր առաջ։
Եղբայրը խոսում էր, քրոջ միտքը ո՞ւր էր։ Կրկին նրա աչքով ընկավ բժիշկը նույն օրիորդի հետ։
— Գնանք տուն, Ռուբեն,— ասաց նա, բռնելով եղբոր բազուկը,— այստեղ սաստիկ տոթ է, ես խեղդվում եմ, գնանք։
— Բայց դու այս երեկո բոլորովին չզվարճացար։ Ես ուզում եմ քեզ հետ մի քիչ պարել։ Մերժո՞ւմ ես։
Դարձյալ երևաց Հալաբյանը։ Ամբողջ մի ժամ մերթ իշխան Սահարունիի, մերթ տիկին Սոփիոյի և մերթ օրիորդ Նատալիայի ձեռքին տանջվելուց հետո, ամուրին, վերջապես ազատվել էր։
— Արդյոք չէի՞ք կամենալ ընթրել,— դիմեց նա Ռուբենին և Մարիամին։
Նա մերժումն ստացավ, և մինչ աշխատում էր համոզել, նրա թևից բռնեց Ախշարումյանը և քաշեց մի կողմ։
— Բավական է, թող այդ հիմարություններդ,— ասաց որկրամոլը,— ի՞նչ ես ընկել այդ աղջկա հետևից։ Գնա՜նք ընթրելու։
Հալաբյանը կատաղեց։
— Թողեք ինձ հանգիստ, ի սեր աստուծո,— խեղդուկ ձայնով արտասանեց նա, յուր թևը ազատելով Ախշարումյանի ձեոից։
— Գնա՛, դու գժվել ես։
Հալաբյանը հետ վերադարձավ։ Բայց Ռուբենն և Մարիամը չկային իրանց առաջվա տեղում։ Նա անցավ ասիական դահլիճին կից փոքրիկ սենյակը: Այստեղ ոչ ոք չերևաց։ Նա քայլերը ուղղել էր դեպի գլխավոր դահլիճը, երբ նրա ականջին