անել չի կարելի, որ նա մի վտանգավոր մրցակից է և կարող է շատերին նսեմացնել, եթե վաղօրոք առաջը չկապվի։ Եվ հետզհետե սկսեցին նրա վրա բամբասել։ Առաջ նրան անվանում էին «մանուկ», հետո սկսեցին «վիսկաչկա» մականունը գործածել։ Իսկ նա, ինչպես հիվանդների, նույնպես և յուր արհեստակիցների հետ վարվում էր՝ ծերերի հետ հարգանքով և պարկեշտորեն, երիտասարդների հետ ընկերաբար և համեստորեն։ Նա մյուսների պես չէր բամբասում նրանց, չէր աշխատում վայր գցել նրանց վարկը հասարակության աչքում։ Նա չէր ցույց տալիս ոչ նախանձ, ոչ ատելություն, ոչ արհամարհանք։ Երբ նրա մոտ անվանարկում էին այս կամ այն բժշկին, նա կամ աշխատում էր բամբասանքը ընդհատել, կամ ընդդիմադրում էր անվանարկողին, պաշտպանելով ոչ թե խոսակցության առարկա բժշկի անձնավորությունը, այլ առհասարակ բժիշկ մարդու արհեստը, նրա պատասխանատու դերը, նրա դիրքը և պատիվը։ Իսկ երբ գովում էին մեկին, նա լռում էր, և միայն այն ժամանակ երևան էր գալիս նրա դեմքի վրա այն խորհրդավոր ժպիտը, որ նրան էր միայն հատուկ և որ, կարծես, արտահայտում էր հետևյալ դարձվածը.
«Ճանաչում եմ քո գոված բժշկին, չարժե։ Նայի՛ր ինձ...»
Եվ գովողը նայում էր նրա երեսին, լռում էր, ամաչում էր և կամա-ակամա մտածում.
«Ինչ խելոք դեմք ունե այս մարդը»։
Այսպես էր վարվում բժիշկ Մելիք֊Բարսեղյանը ամենի հետ։ Նրա հնարագետ ուղեղը մատակարարում էր նրան միշտ նորանոր միջոցներ յուր նպատակին հասնելու համար։ Մի օր այդ ուղեղը թելադրեց նրան հետևյալ սկզբունքը.
«Ընդհանուր համակրություն ձեռք բերելու համար հարկավոր է ընդհանրության հետ շփվող մարդկանց մոտենալ»։
Եվ նա, որ անգիտակցաբար արդեն գործադրում էր այդ սկզբունքը, այժմ սկսեց գիտակցորեն գործադրել։ Նա արդեն ծանոթացել էր տեղական բոլոր խմբագիրների հետ, այցելություն էր արել նրանց և յուրաքանչյուրի մոտ յուրաքանչյուրի տեսակետից առանձին-առանձին պաշտպան ել էր հասարակական շահերի գաղափարը։ Դրանով նա չբավականացավ: