Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու ասում ես լսեցի՞ր, որ Ռուբենը բժշկին անպատվեց,— հարցրեց Հալաբյանը մի քանի անգամ։

— Ոնց թե լսեցի, աչքովս տեսա, մեկ փախավ, դու ես իմ պարոնս, ոնց որ վախլուկ նապաստակը։

Ռուբենի այս վարմունքը դուր եկավ Հալաբյանին, որ այնքան վրդովված էր բժշկի դեմ։ Նա զգում էր, որ բժիշկը արժանի է այդ պատժին։

Նա ինքը պատրաստ էր ավելի զորեղ պատժել այդ մարդուն, ոչ թե նրա համար, որ նա դավաճանել է Մարիամին, այլ, որ հանդգնել էր այդ օրիորդի սերը գրավել։

Տոն օր էր։ Կեսօրից մի քիչ առաջ Մարիամը, Ռուբենը և Սաթենիկը զբոսնում էին Գոլովինսկի պրոսպեկտի վրա։ Չնայելով, որ ձմեռվա կեսն էր, եղանակը տաք էր, երկինքը պարզ, օդը մաքուր և պայծառ։ Զբոսնողների խիտ բազմության մեջ նրանց առաջը դուրս եկավ Հալաբյանը, որին ուղեկցում էր անխուսափելի մոսիո Վախվախյանը։ Տեսնելով Մարիամին, ամուրին թողեց յուր ուղեկցին, մոտեցավ, բարևեց և սկսեց զբոսնել նրա հետ։ Վերջին օրերը հեգ ամուրին նկատելի կերպով նիհարել էր, աչքերը խորն էին ընկել և երեսի կաշվի ծալքերը ավելի խոշորացել էին։

Ռուբենը դիտմամբ մի քանի քայլ հետ մնաց, որ Հալաբյանի հետ ման գա, իսկ Մարիամը Սաթենիկի հետ թև թևի տված առաջ անցավ։ Հալաբյանը խոսեց Նիկողայոս Սադափյանի մասին, ասաց, թե վերջինի գործերը հաջող են գնում, թե նա վերցրել է մի կապալ, որից մեծ գումար պիտի աշխատի։ Այդ մի նուրբ ակնարկություն էր, որով ամուրին Ռուբենին հիշել էր տալիս Սադափյանին արած յուր լավությունը։

— Ուրեմն նա շուտով ձեր պարտքը կտա՞,— հարցրեց Ռուբենը, գուշակելով նրա միտքը։

— Մի մասը արդեն տվել է։ Բայց ես այդ չեմ մտածում կտա չի տալ, միևնույնն է։ Ես ավելի ուրախ կլինեի, որ նա ձեր հայրական ժառանգությունը վերադարձներ ձեզ։

Ռուբենը ոչինչ չասաց։ Նրանք հասան փողոցի ծայրը։ Հետ դառնալիս Հալաբյանը կրկին մոտեցավ Մարիամին։ Այս անգամ օրիորդը մի կողմնակի հայացք ձգեց նրա վրա։