Հալաբյանի նիհարությունը, բավական ընկճված ձայնը, նրա ամբողջ կերպարանքի խղճալի արտահայտությունը րոպեաբար շարժեց Մարիամի գութը։ Առաջին անգամ նա խղճաց ամուրիին, առաջին անգամ նրա նրբացած սիրտը զգաց այդ դժբախտությունը։
«Մի՞թե ես եմ պատճառը»,— ասաց նա մտքում, տեսնելով, թե ինչպես Հալաբյանը երկյուղած դեմքով է նայում յուր վրա և ինչ անվստահ եղանակով է խոսում։
Նա ևս լսել էր յուր ու Հալաբյանի մասին տարածված լուրը։ Նա նկատում էր, որ զբոսնող ամբոխի մեջ շատերը նայում են և քչփչում։ Նա յուր ծանոթների դեմքերի վրա տեսնում էր մի իմաստալի ժպիտ, կարծես, նրան շնորհավորում էին։ Նա շտապեց հեռանալ Հալաբյանից և, վերցնելով Սաթենիկի թևը, քայլերը ուղղեց դեպի տան կողմ։
— Դուք մի՛ գնաք, ես մի շատ հարկավոր բանի մասին պիտի խոսեմ ձեզ հետ,— դարձավ Հալաբյանը Ռուբենին, բռնելով նրա թևից։
Մարիամը գնաց Սաթենիկի հետ։ Ռուբենը Հալաբյանի հետ վերադարձավ։
— Մտնենք մի րոպե ինձ մոտ,— առաջարկեց վերջինը։ Ռուբենը ակամա հետաքրքրվեց ամուրիի ասածով և ակամա հետևեց նրան։ Մի թեթև հառաջաբանից հետո ամուրին խոսք բաց արավ վերջին դեպքի մասին, գովեց Ռուբենի վարմունքը, անվանեց նրան ազնիվ։
— Գիտե՞ք, բանը ինձ հայտնի է, ես լսել եմ բոլորը։ Խնդրեմ չնեղանաք, որ ձեզ հետ պարզ եմ խոսում, մենք բարեկամներ ենք։ Այդ անպիտանի հետ ուրիշ կերպ վարվել չէր կարելի, մանավանդ ձեզ նման ազնիվ ու տաքարյուն երիտասարդը։ Ավելի վատ պետք է պատժեիք։ Տեսե՞լ եք նրան այդ օրից հետո։
— Ոչ:
— Ի՞նչ երեսով պիտի երևա ձեզ այսուհետև, ախ անամոթ, անամոթ,— կրկնեց Հալաբյանը մի քանի անգամ։
Ռուբենը լուռ էր։ Նա մասամբ գուշակում էր, թե Հալաբյանը ինչ նպատակով է այդ դեպքի մասին խոսում։ Վերջապես, ամուրին պարզեց յուր սիրտը, վերջապես, նա առաջարկություն