է թեքվելու, եթե ուրիշ բան էլ չլիներ, գեթ այն պատճառով, որ նա մի թույլ արարած է։
— Գլխավորն այն է, — հանդիմանում էր մի օր նրան վաղեմի ընկերներից մեկը,— որ, ինչպես ասում են, դու այդ օրիորդին թողել ես աղքատության պատճառով։
— Ոչ, ոչ ու ոչ,— պատասխանեց բժիշկը, չկարողանալով, վերջապես, պահել յուր սառնասրտությունը, — սխալվում են ասողները, ես նրան թողել եմ բոլորովին մի ուրիշ պատճառով։
— Ա՞յն է։
— Պարոններ, բավական է, վերջապես, խնդրում եմ, մի՛ ստիպեք ինձ շատ էլ պարզախոս լինել։
— Դու պարտավոր ես պարզ խոսել, դու պետք է քեզ արդարացնես, գիտե՞ս, որ ամենքը քեզ են մեղադրում։
Բժշկի համբերությունը միանգամայն սպառվեց և նա, մի քանի վայրկյան խորհելով, արտասանեց հետևյալը.
— Ես ինձ արդարացնե՞մ, այո, կարող եմ և շատ հեշտությամբ։ Բայց, պարոններ, մի' մոռանաք, որ իմ հակառակորդը օրիորդ է, ես չեմ կարող ամեն բան ասել, չեմ կարող իմ սառչելու գլխավոր պատճառը հայտնել, հասկանո՞ւմ եք:
Վերջին դարձվածը բժիշկը մի այնպիսի խորհրդավոր եղանակով արտասանեց, որ խոսակցի սրտի մեջ մի որոշ կասկած ձգեց։ Խոսակիցը դարձվածը կրկնեց մի երկրորդի, երրորդի մոտ, և նա, բերանից բերան անցնելով, տարածվեց հասարակության մեջ։ Բամբասասերները սկսեցին զանազան ենթադրություններ անել, ենթադրություններ, որ երբեմն, համեստության սահմանից դուրս գալով, պղտորում էին մարդկային առաքինական զգացմունքը։
Ինքնապաշտպանության այս պարզ միջոցը ունեցավ յուր հետևանքը։ Շուտով բժիշկը գրավեց մի շարք կողմնակից-պաշտպաններ մասամբ այն հնամաշ օրիորդներից, որոնց վրա նա երբեմն-երբեմն ուշադրություն էր դարձնում, և մասամբ այն մայրերից, որոնք աչք ունեին նրա վրա։
— Ոնց չէ,— ասում էր ի միջի այլոց չորս աղջիկ ունեցող տիկին Ագամովան,— ես դիփ գիտեմ, այն աներես աղջիկը ինքն է ուժով կպել։ Բժիշկը խոմ գիժ չէր, որ գնար ու