Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն քաղցածին ուզեր։ Անանիա ջան, միտդ է՞, որ երբ լսեցի, ասացի մի բան կա։ Տեսա՞ր։

Եվ այդ «բանը» բացատրվում էր այնքան կերպ, որքան տարբեր գլուխներ կային։

Սակայն ժամանակը հետզհետե խաղաղեցրեց թեր և դեմ խոսող լեզուներին։ Բամբասանքի նյութը սկսեց հնանալ, տեղի տալով նորանոր նյութերի։ Բժիշկ Մելիք-Բարսեղյանի անունը փոքր առ փոքր սկսեց ազատվել սանձարձակ բերաններից։

Մնում էր միայն բժշկի սրտում բարոյական սուր վիրավորանքի խորին հետքը։ Նա մոռացավ բոլորը, բայց չմոռացավ հյուրանոցի դեպքը։ Մի դեպք, որ այնքան ցավալի էր նրա համար, որքան նա հռչակված էր քաղաքում։ Նա նկատում էր, որ այդ օրից հետո ոմանք, մանավանդ երիտասարդներից, ծուռ աչքով են նայում յուր վրա և ոմանք, կարծես, մինչև անգամ խույս են տալիս նրանից։ Այդ էր, որ նրան անչափ անհանգստացնում էր և ստիպում ավելի մտածել այն միջոցների մասին, որոնցով կարելի էր վերականգնել յուր պատիվը և արժանանալ ընդհանուր համակրությանը։ Եվ այս նպատակով նա սկսեց իրան ձևացնել մելամաղձոտ, մտազբաղ, մանավանդ կանանց շրջանում։

— Կարծես, վիշտը տանջում է նրան,— ասում էր մի տիկին։

— Այո,— համաձայնվում էր մի ուրիշը,— շատ տխուր դեմք ունե։

— Տխրությունը խիստ սազ է գալիս նրան։

— Հետաքրքրելի է դարձնում։

— Ես սիրում եմ հոգեկան վիշտ ունեցող տղամարդկանց։

— Ես էլ։

Երբ պատահաբար բժշկի մոտ խոսում էին սիրո մասին, նա չէր մասնակցում խոսակցությանը, լուռ ու տխուր հառաչում էր և աչքերը խոնարհեցնում։

Այս ինքնահնար միջոցը որոշ ներգործություն ունեցավ և հետևանքն այն եղավ, որ բժիշկը դարձավ զգայուն կանանց ցավակցության առարկա։