Գալով «պրակտիկային», անախորժ անցքը վատ ներգործություն չունեցավ։ Ընդհակառակը, նրա անունը ավելի տարածվեց, հետաքրքիր կանայք ցանկացան նրա երեսը տեսնել։ Շատերը, հիվանդ ձևանալով, գալիս էին նրա մոտ, մի փոքր խոսում և, այցեվճարը տալով, հեռանում։
Մի օր նա, հիվանդների ընդունելությունը վերջացրած, հանգստանում էր ննջարանում, երբ ծառան ներս մտավ և տվեց մի նամակ։ Դա մի երեկույթի սիրալիր հրավեր էր Ագամովների կողմից։ Այդ օրը տիկին և պարոն Ագամովների ամուսնության երեսնամյակը լրանում էր։ Դեռ առավոտյան բժիշկը շնորհավորել էր նրանց։ Տիկինը կարծելով, որ բերանացի հրավերը մոռացած կլինի, ստիպեց ամուսնուն նամակ ուղարկել։
— Ասա, որ կգամ,— պատվիրեց բժիշկը ծառային։
Վերջին ժամանակ նա այդ ընտանիքում ընդունվում էր գրկաբաց, նրան ցույց էին տալիս անսովոր հարգանք և բարեկամություն։ Տիկին Ագամովան արդեն նրան համարում էր յուր երկրորդ դստեր փեսացուն։
Այս մտքով նա արդեն մի թեթև լուր տարածել էր յուրայինների շրջանում գործին հիմք տալու համար։ Բժիշկը գիտեր, որ այդպիսի լուր կա, մինչև անգամ արհեստակիցներից մեկը շնորհավորել էր նրան։ Սակայն նա տակավեն զգույշ էր։ Աոաջին փորձից խրատված, նախ քան մի որոշ քայլ անելը, նա կամենում էր ճիշտ ուսումնասիրել հանգամանքները, ունի արդյոք օրիորդ Ագամովան այնքան, որքան ասում են։
Որոշյալ ժամանակից մի ժամ անցած, գալով երեկույթ, նա Ագամովների տանը տեսավ հրավիրվածների մի բավական մեծ բազմություն։ Նրան դիմավորեցին ուրախությամբ, կարծես, ամենքը նրան էին սպասում։ Այստեղ նա ծանոթացավ մի քանի ընտանիքների հետ։ Հասարակությունը բաղկացած էր տարբեր տարրերից. կային և՛ վաճառականներ, և՛ ծառայողներ, մեկ ինժեներ, երկու կապալառու, երեք գրագիր, մի պաշտոնաթող գեներալ, մի կոմիսիոներ, մի վաշխառու, երկու ռուս և այլն։
Երեկույթը սկսվեց մի թեթև կոնցերտով։ Գրագիրներից