Մի անգամ նա փորձեց Ռուբենի խիղճը գրգռել Հալաբյանի վերաբերմամբ։ Սակայն, երբ խոսք բաց արավ, Ռուբենը քաղաքավարի և դրական եղանակով առաջարկեց նրան մի բառ անգամ չարտասանել այդ մասին։
Այն ժամանակ Ախշարումյանը բոլորովին համոզվեց, որ իրավ անիրագործելի են Հալաբյանի հույսերը։ Բայց նա երդվել էր վերջ տալ յուր ընկերոջ հուսահատ կամ, ինչպես ինքն էր ասում, «հիմար» դրությանը։ Վաղուց Հալաբյանը գանգատվում էր, թե տկար է, ոսկորները, կարծես, ջադված են։ Ախշարումյանը հորդորում էր, դիմել բժշկին, նա չէր համաձայնում։
— Ինչ կլինի, կլինի,— ասում էր վհատված ձայնով։
Մի օր Ախշարումյանը եկավ նրա մոտ քաղաքի հայտնի բժիշկներից մեկի հետ, որին վաղուց ծանոթ էր Հալաբյանը։ Ճանապարհին որկրամոլը սովորեցրել էր բժշկին, որ նա, որքան կարելի է վախեցնի ամուրիին, նկարագրելով նրա հիվանդությունը ամենախիստ գույներով։ Միևնույն ժամանակ, խնդրել էր, որ խորհուրդ տա նրան անպատճառ ուղևորվել արտասահման և այնտեղ բժշկվել։
— Այստեղից հեռանալը շատ անհրաժեշտ է նրա համար, գիտե՞ք, շա՜տ,— կրկնում էր Ախշարումյանը բժշկին։
Որքան ևս ձանձրացած լիներ կյանքից, Հալաբյանի վրա ազդեց բժշկի գիտնական բացատրությունը, որից նա ոչինչ չհասկացավ, բացի մեկ բանից, թե իբր յուր հիվանդությունը վտանգավոր է։ Տաղտկալի կյանքը դարձյալ ավելի քաղցր թվաց, քան մահը։
Ամուրին վախեցավ։
Այդ օրվանից Ախշարումյանը հանգիստ չէր թողնում նրան և միշտ կրկնում էր արտասահման գնալու անհրաժեշտությունը։ Վերջապես, նրա հորդորը ազդեց։ Մի առավոտ ամուրին ինքը խոսք բաց արավ արտասահմանի վերաբերմամբ։ Նույն պահին եկավ և մոսիո Վախվախյանը։ Սկսեցին խորհրդակցել` ո՞ւր գնալ։ Մոսիոն, կլիմայական և բժշկական հանգամանքները արհամարհելով, մի բերան պաշտպանում էր Փարիզ գնալու միտքը։
— Աշխարհիս դրախտն է, այնտեղի Պեր-լա-Շեզում