Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընթրիքը սկսվեց գիշերվա երկու ժամին, վերջացավ լուսաբացին։

Նույն օրը երեկոյան նորապսակները ուղևորվեցին արտասահման։

Այլևս չքացան հետամուտ եղող մայրերի հույսերը բժիշկ Մելիք-Բարսեղյանի վերաբերմամբ…

Ամառն էր։ Քաղաքի բնակիչները ցրվում էին ամառանոցները։ Հետզհետե դատարկվում էր Սոլոլակը, ուր այնպես տարածվել էր բժիշկ Մելիք-Բարսեղյանի անունը, ուր ամեն ընտանիք խոսում էր նրա մասին։

Տիկին Սոփիոն, տխուր սրտով, իզուր անցած հույսերով, յուր կիսաթառամ աղջկա հետ, ուղևորվեց Բորժոմ, և այնտեղ շարունակում էր պարսավել բոլոր փեսացուներին…


Արտասահման ուղևորվելուց մի ամիս անցած Ախշարումյանը Հալաբյանից ստացավ մի նամակ։ Ամուրին յուր մասին մի քանի համառոտ տեղեկություններ տալուց հետո խնդրում էր ընկերոջը՝ հաղորդել իրեն հանձնված գործերի դրությունը։

Ախշարումյանն արդեն կատարել էր նրա պատվերները, բացի մի քանիսից։ Նա դիմել էր և՛ Նիկողայոս Սադափյանին, առաջարկելով վճարել յուր պարտքը Հալաբյանին։ Բայց Նիկողայոսը խնդրում էր դարձյալ հետաձգել։

— Գործերս հաջող են, բայց փողի պակասություն ունեմ,— ասում էր նա։

Ախշարումյանը հաղորդեց Հալաբյանին, ի միջի այլոց, և' այդ բանը։ Ամուրին իսկույն պատասխանեց, թե Սադափյանի պարտքը հետաձգել չի կարող և խնդրում է Ախշարումյանին յուր պարտապանի հետ վարվել ամենայն խստությամբ։ Առհասարակ նրա նամակը տոգորված էր դեպի Սադափյանները ատելությամբ և ամեն տեղ վրդովմունքով էր հիշում այդ ազգանունը։ Ախշարումյանը ստիպված եղավ կրկին և կրկին անգամ դիմել Նիկողայոսին և վերջը մի օր սպառնաց դատաստանի անունով։ Մեջտեղ ընկավ իշխան Սահարունին, հեռագրով խնդրեց Հալաբյանին համբերել։